Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, հայ հեղափոխական դաշնակցությունը, որի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Խաչատրյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:
Araratnews.am-ը ներկայացնում է Մհեր Շահգելդյանի կենսագրությունը:
Կրթություն
Մհեր Շահգելդյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1992 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1994 թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման հատուկ դասընթացները։ 1995 թ.` ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ 1996 թ.` Հայկական-ֆրանսիական կառավարման (մենեջմենտի) կենտրոնը։ Մենեջմենտի, մարկետինգի և բանկային գործի մասնագետ, Փիլիսոփա, Քաղաքագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
1984-1985 թթ. Երևանի էլեկտրալամպերի գործարանում աշխատել է փորձարկող։ 1993 թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս է։ 1993-1995 թթ.` ՀՀ գիտության և կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող։ 1996-1998 թթ.` Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան։ 1996-1998 թթ. եղել է «Հորիզոն» իրավական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 1998-2000 թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր։ 2000-2002 թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ, 2000-2011 թթ.` նույն բուհի դասախոս։ 2008 թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Քաղաքական գործունեությունը:
- 2002-2003 թթ.` ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։
- 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա՝ նույն հանձնաժողովի անդամ։ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
- 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
- 2010 թվականից Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար։
Գիտական բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ «Ազգային անվտանգություն» ԵՊՀ մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։