Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:
Araratnews.am-ը ներկայացնում է Անահիտ Թարխանյանի կենսագրությունը:
Անահիտ Թարխանյանը ծնվել է Երևանում, ճարտարապետ Արթուր Թարխանյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։
1981-1989 թթ․ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1989-1992 թթ․՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն, 1992-1994 թթ․ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ պետի տեղակալ (երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան)։ 1994-1998 թթ․ եղել է Հայ FM – 105.5 ռադիոկայանի տնօրեն, 1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալ, 1998-2004 թթ.՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն, 2004-2007 թթ․ ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ, 2007-2018 թթ․՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն:
1994 թվականի աշնանը հիմնադրել է ՀԱՅ FM 105.5 Երևանը, 1996 թվականին՝ Ռադիո Հայ ռադիոկայանը (Երևանում 104.1 հաճախականությամբ)։