տուն Լուրեր Քաղաքական որոշում. Պերմյակովը կարտահանձնվի՞ Ռուսաստան

Քաղաքական որոշում. Պերմյակովը կարտահանձնվի՞ Ռուսաստան

123
0

permyakov-interrogation

«ՌԴ քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը»: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից` անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն տեղեկություններին, թե Վալերի Պերմյակովը կարտահանձնվի Ռուսաստան:

Այլ տեղեկություն արդարադատության նախարարությունից չհայտնեցին:

Araratnews.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արամազդ Կիվիրյանը նշեց, որ այս պահին որեւէ իրավական ընթացակարգ չկա,  որ Պերմյակովը պատիժը կրի ՀՀ-ում: «Այդ հարցը մնում է բաց եւ քննարկման առարկա պետք է դառնա»,- ասաց Կիվիրյանը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ  Վալերի Պերմակովին փոխանակելու են ՌԴ-ում ողբերգական ավտովթարի համար ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հետ, Ա. Կիվիրյանն ասաց, թե նման տեղեկատվության չի տիրապետում:

Հարցին, որ եթե ստեղծված իրավիճակին  բարոյական տեսանկյունից նայենք, ապա որքանո՞վ է արդարացված, որ հայ ընտանիքին սպանողը արտահանձվի Ռուսաստան, Կիվիրյանն ասաց . «Զուտ իմ անձնական տեսակետն  այն է, որ ճիշտ կլինի, որ Պերմյակովը պատիժը կրի հենց Հայաստանի տարածքում, սակայն քանի որ այս գործը ունի նաեւ քաղաքական որոշակի ենթատեքստեր, ընդ որում նաեւ այն քաղաքացիական հայցը, որ ներկայացվել էր մեր կողմից Ռուսաստանի դեմ, քննության առարկա չդարձավ հենց այդ քաղաքական ենթատեքստերի պատճառով, բնականաբար, լուծումը, որ կտրվի այդ հարցով, թե որտեղ կկրի պատիժը Պերմյակովը, կլուծվի քաղաքական մակարդակով»:

Հիշեցնենք, որ  Ավետիսյանների ընտանիքի 7  անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։