Այսօր ապրիլի 1-ն է՝ ծիծաղի միջազգային օրը: Օրվա հետ կապված araratnews.am-ը զրուցեց ծաղրանկարիչ Արզօ Օհանյանի հետ, ով այսօր հասարակության դատին է հանձնել իր ծաղրանկարների նոր հավաքածուն.«Սա ամենամյա ցուցահանդես է, որը միշտ ապրիլի մեկին ենք բացում: Օրվա ընտրությունը կապված է ծիծաղի և հումորի հետ, իսկ նպատակը՝ երգիծանքն է՝ իրականության հետ կապված»:
Այս տարվա ցուցահանդեսը նվիրվում է անկախության 25-ամյակին, որին մասնակցում են գրեթե 22 նկարիչ՝ ներկայացնելով ավելի քան 270 նկարներ.«Լուսանկարները ցույց են տալիս, թե ծաղրանկարիչները մամուլում ինչպես են անդրադարձել այս 25 տարիներին: Իմ նկարներում հիմնականում քաղաքական գործիչներն են: Երևի 90 տոկոս քաղաքական գործիչներին արդեն անդրադարձել եմ: Ես իրենց ընտրում եմ ոչ թե իմ սիմպատիայով, այլ տվյալ ժամանակահատվածում կատարվող իրադարձություններից ելնելով»:
Ծաղրանկարիչը նշում է, որ մարդիկ կգտնվեն, որոնց չի նկարել, բայց անպայման նրանց էլ կանդրադառնա.«Քաղաքական գործիչների 90 տոկոսն իմ ձեռքի տակով անցել է: Մշակութային գործիչներին աշխատում եմ լավ առումով նկարել, իսկ քաղաքական գործիչներին՝ վատ»:
Արզո Օհանյանը նաև հավելեց, որ իր նկարների հերոսներից դեռ արձագանքներ չեն եղել.«Ինձ միշտ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ տենց նկարներ ես անում, բայց ինչի՞ց պետք է վախենամ, մատիտի՞ց, թղթից, թե Աստծուց: Ինչ նկարում եմ՝ հրապարակում եմ, չեմ պահում: Ես ուրախ կլինեի, որ մեկն էլ ինձ նկարեր, չնայած մի երկու, երեք հատ ինձ ծաղրանկար արել եմ, բայց դե ասում են՝ կոշկակարի կոշիկը միշտ ծակ է լինում»: