Ասում են, որ քաղաքականությունը կեղտոտ բան է: Այո՛, քաղաքականությունը կեղտոտ է, անբարոյական և ստոր, քանզի ամեն մեկն այսօր կարող է հայտարարել, թե ինքը քաղաքական գործիչ է: Այսպես օրինակ, ոմն Ռոբերտ Ահարոնյան հայտարարել է, թե ինքը քաղաքական գործիչ է, ներկայացնում է սոցիալիստական ուղղությունը, Ստալինի նկարը փակցրել է գլխավերևում և թափառում է մեկ օլիգարխի դռնից մյուսինը՝ փողի դիմաց իր ծառայություններն առաջարկելով: Ծառայությունները տարբեր են՝ կախված գումարից: Նրան կարելի է տեսնել մեկ Սովետական ժամանակաշրջանում կառուցված մշակութային արժեք հանդիսացող փակ շուկան քանդելն արդարացնելուց, մեկ՝ նախագահի թեկնածու, որը պատրաստ է փող վերցնել առաջադրվելու համար, մեկ՝ լրագրողներին կամ կանանց վիրավորելուց, մեկ…, մեկ… կարելի է անվերջ թվարկել: Այդ ամենը, բնական է, ներկայացվում է Հայաստանը փրկելու և արդարությունը վերականգնելու շղարշի ներքո: Այսպես ասած՝ մեր ժամանակների մանրավաճառ Բոնասիե, որը պատրաստվում է կարդինալի հետ փրկել Ֆրանսիան (Հայաստանը): Եվ այսպես, նայելով այս տեսակի մարդկանց, որոնք հռչակում են իրենց քաղաքական գործիչ, բայց զբաղվում են քաղաքական բոմժությամբ, մեր հայրենակիցներն ասում են, թե՝ քաղաքականությունն անբարոյականություն է: Ո՛չ, քաղաքականությունն անբարոյականություն չէ,անբարոյականներն են այն վարկաբեկում, քաղաքական բոմժերը, որոնք կապ չունեն ո՛չ քաղաքականության, ո՛չ սոցիալիզմի, ո՛չ բարոյականության, ո՛չ էլ Հայաստանի հետ: