ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ներկայացուցիչների՝ իրեն ուղղված կոչին. «Հնչում է անձի անուն: Ես քաղաքական ուժ եմ ներկայացնում, եւ եթե դա անձնական խոսակցություն է՝ դա ուրիշ ֆորմատ է, եթե դա քաղաքական խոսակցություն է՝ դա ուրիշ ֆորմատ է»:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ գալ եւ միանալ իրենց պայքարին: Այս պարագայում պարոն Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իրենց դիրքորոշումները՝ առաջին հերթին իրենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն. «Նաեւ բացառում ենք, որ ՀՀ-ում տեղի չի ունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ Քաղաքացիական պայմանագիրը զերծ է մնացել այդ պրոցեսին մասնակցելուց: Ասել ենք նաեւ՝ երբ կլինի իշխանափոխության հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք դա կքննարկենք ու կպատասխանենք: Քանի դեռ չկա ճանապարհային քարտեզ, մենք, ըստ էության, մեկնաբանելու որեւէ բան չունենք»:
Նա ընդգծեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում Ազատության հարթակում գտնվող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին. «Ոչ ես անձնապես, ոչ ՔՊ-ն այս պահի դրությամբ չի ստացել իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզ: Սա ես ասում եմ՝ չուզենալով մեկնաբանել հանրահավաքային շարժման բովանդակությունը: Ես ասել եմ, որ քաղաքացիներին իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ, ես դա ասելու եմ հրապարակային՝ դրա իրականացումից անմիջապես առաջ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քանի դեռ այս պայմանները բավարարված չեն, իրենք քննարկելու բան չունեն. «Մենք մինչեւ վերջին վայրկյանը նկարագրել ենք, թե ինչպես է պետք գնալ իշխանափոխության: Մենք նաեւ ասել ենք, որ մենք չենք ելնում այն տեսանկյունից, որ մենք բարձրագույն ճշմարտությունն ենք, ու չենք բացառում, որ ինչ-որ մի պահի կամ ինչ-որ մի դետալում ճիշտ հաշվարկած չլինենք: Հիմա եթե մեր գործընկերները ունեն փաստարկներ, որ մենք ճիշտ չենք վերլուծում իրավիճակը, մենք մեծ հարգանքով այդ փաստարկները կլսենք ու կքննարկենք: Եթե մեր գործընկերները ունեն կոնկրետ պատկերացումներ, քայլեր, թե ինչպես պետք է իրականացվի այդ ճանապարհային քարտեզը՝ ինչպես ենք հասնելու այդ իշխանափոխությանը, մենք դա եւս կքննարկենք եւ հրապարակային կպատասխանենք»: