տուն Լուրեր Քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ. Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանին

Քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ. Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանին

170
0

Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, հետաքրքրվեց, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել արագաչափ և տեսանկարահանող և սարքերի հետ կապված:

«Ի՞նչ եզրակացության եկանք, ու արդյոք արդարադատության նախարարության հետ ինչ-որ ընդհանուր հայտարարի եկել եք, թե այս ոլորտում խնդիրներն ինչպես եք լուծելու»,- հարցրեց Փաշինյանը:

Օսիպյանը նշեց, որ կա խախտումների ցանկ, որոնցով այլևս քաղաքացիները չեն տուգանվելու: Ըստ Օսիպյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն խախտում չհամարվող նախկին զանցանքները քաղաքացիների բողոքների 80 տոկոսն են կազմել:

«Երբ որ ոստիկանության կողմից նորից հայտարարություն եղավ, որ արագաչափերը գործում են, քաղաքացիների ուսումնասիրությամբ պարզվել է, որ բողոքները արագաչափերի մասով չեն, այլ հակառակը, կան քաղաքացիներ, ովքեր  դիմում են խնդրանքով, որ փողոցներում արագաչափեր տեղադրվեն: Այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի խնդիրն էր»,- ասաց Օսիպյանը:

Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք իրազեկեն քաղաքացիներին, որ փողոցներում անարխիա չտիրի: Վարչապետը նշեց, որ ոստիկանությունն ունի բավարար մեխանիզմներ օրինական կարգը պահպանելու համար:

«Մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ: Այսինքն՝ մարդը դուրս է գալիս, ասում ենք՝ որտեղ բռնենք, մի հատ տուգանենք: Այս փիլիսոփայությունը պետք է փոխվի: Դա չպետք է հակադրել ճանապարհային ոստիկանության ապահովման խնդիրներին»,- նկատեց Փաշինյանը: