տուն Լուրեր Քաղաքացիական շարժումը զգուշացնում է. ի՞նչ է սպասվում հունիսի 19-ին

Քաղաքացիական շարժումը զգուշացնում է. ի՞նչ է սպասվում հունիսի 19-ին

134
0

akcia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն երեկ  Ազգային ժողովում հայտարարեց՝ էլեկտրաէներգիան կթանկանա: Վերջինիս խոսքով՝ մի քանի բաղադրիչներ կան սակագնում, որոնք ակնառու են դարձնում՝ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց՝ հունիսի 9-10-ին դիրքորոշում կհայտնեն, թե արդյո՞ք հիմնավորված է ՀԷՑ-ի ներկայացրած հայտը և ի՞նչ սակագին պետք է սահմանել։

Ռոբերտ Նազարյանի այս հայտարարությանը հետևեց «Ոչ թալանին» համակարգող խմբի զգուշացումը, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից և ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլեկտրաէներգիայի սակագնի չթանկանալու մասին և սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ:

«Ոչ թալանին» խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կարծում է՝ Ռոբերտ Նազարյանի նշած ժամկետը՝ հունիսի 9-10-ը, մի նպատակ ունի՝ ժողովրդի շրջանում խուճապ տարածելու և հունիսի 19-ի բողոքի երթը խանգարելու:

«ժողովուրդը թող հանգիստ լինի. այդ օրը ոչ մի փոփոխություն չի լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղինակ Շուշանյանն ու ևս մեկ անգամ հիշեցրեց՝ իրենք ո´չ ՀԾԿՀ- նախագահ Ռոբերտ Նազարյանից, ո´չ էլ  ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինից պահանջելու որևէ բան չունեն. իրենց պահանջն երկրի առաջին դեմքերից է:

«Մեր պահանջն ուղղված է Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, իսկ մնացածը կատարածուներ են, որոնցից պահանջելու որևէ բան չկա»,- ասում է Վաղինակ Շուշանյանն ու նշում՝ եթե իրենց պահանջները չբարարվեն, ապա իրենք նպատակահարմար չեն գտնում նրանց հետագա պաշտոնավարումը:

Ինչ վերաբերում է հունիսի 19-ին նախատեսվող բողոքի ակցիային, ապա քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ առաջին ակցիան նախազգուշացում էր, իսկ երկորդի ժամանակ թող սպասեն ավելիին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նկատում է՝ քաղաքացիական շարժումն ուղղակի զայրացած է Ռոբերտ Նազարյանի հայտարարությունից:

«Այս կոնֆլիկտի հանգուցալուծումը կախված կլինի նրանից, թե որքանով գրագետ կազմակերպված կլինի քաղաքացիական պայքարը, իսկ ժամանակ քիչ է մնացել, իրենց խնդիրն է իսպառ ջախջախել Ռոբերտ Նազարյանի և իշխանությունների փաստարկները. դրանք բավարար չեն թանկացման համար»,- նշում է Ստեփան Սաֆարյանն ու հավելում՝ ՀԷՑ-ը ցանկացած դեպքում կարող էր աշխատել շահույթով և ոչ մի «հիմնավորում» չի կարող ընդունելի լինել:

Ստեփան Սաֆարյանը հավատացած է՝ ճիշտ ռազմավարության դեպքում ցանկացած պայքար կունենա դրական արդյունք:

Շողիկ Գալստյան