տուն Լուրեր Կերտել պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն. Հայկ Պետրոսյան

Կերտել պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն. Հայկ Պետրոսյան

104
0

000

Araratnews.am-ի զրուցակիցն է «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրը:

Պարոն Պետրոսյան, կարծես թե վերջին ամիսներին «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը հասցրեց կտրուկ շրջադարձ կատարել։ Ի վերջո, կարո՞ղ եք պարզաբանել, որն է Ձեր դիրքորոշումը։

— Մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ կերտել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն։

—  Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, լինելով «Միասնություն» համազգային շարժման անդամ, նաև համագործակցում եք «Ելք» դաշինքի հետ։

— Կարևոր եմ համարում նախ պարզաբանում մտցնել. նոյեմբերին մեր՝ շարժմանը միանալու նախապայմաններից կարևորագույնն այն էր, որ մենք ոչ թե ինքնանպատակ սերնդափոխություն ենք անելու, այլ նպաստելու ենք քաղաքական մշակույթի որակական փոփոխություններին։  Ինչպես գիտեք, շարժման խորհուրդը հունվարին որոշում ընդունեց միանալ «Ծառուկյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ ձևավորվող քաղաքական ուժը չէր ապահովելու որակական սերնդափոխություն և քաղաքական նոր մշակույթի ձևավորում։ Ուստի «Զարգացման ուղու» խորհուրդը որոշեց այդ պահից ի վեր դուրս գալ «Միասնություն» համազգային շարժումից։

— Եվ դուք մտա՞ք «Ելք» դաշինք։

—   Ոչ։ Լինելով քաղաքացիական նախաձեռնություն և ոչ թե կուսակցություն` մենք չենք սահմանափակում մեր անդամների քաղաքական գործունեությունը։ Ուստի, եթե մենք համարում ենք, որ համագործակցելով որևէ քաղաքական ուժի հետ, կկարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը, ապա համագործակցությունը տեղի է ունենում։ Գալիք խորհրդարանական ընտրություններում «Զարգացման ուղին» համագործակցում է «Ելք» դաշինքի հետ Լոռու մարզում, որտեղ առաջադրվել է անկուսակցական Բաբկեն Կարապետյանը՝«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, և Արմավիրի մարզում, որտեղ առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Շանթ Գրիգորյանը։

—  Այսինքն` դուք չե՞ք բացառում նաև այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։

—  Իմ սուբյեկտիվ կարծիքով` Հայաստանում դեռ ձևավորվում է քաղաքական ժամանակակից մշակույթ, և հնարավոր է հանդիպել իրավիճակ, երբ նույն քաղաքական ուժում ներգրավված են գործիչներ, ում հայացքները այդքան էլ համատեղելի չեն: Ուստի այս շրջանում  համագործակցությունը այն անհատների հետ, ովքեր կիսում են մեր պատկերացումները Հայաստանի ապագայի մասին, ավելի արդյունավետ է, քան համագործակցությունը քաղաքական ուժերի հետ։

—  Լինելով նորաստեղծ միավորում, արդյոք ինքնանպատակ չէ՞ր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։

— Մեզ համար շատ կարևոր է ներգրավված լինել հասարակական-քաղաքական գործընթացներում, քանի որ դա լավագույն միջոցն է գործնականում ճանաչել անհատների և ուժերի, որոնց հետ հնարավոր կլինի ապագայում համագործակցել։