Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի
Գրական ստեղծագործությունը դատելիս հաճախ հնչեցվում է «կեղծ գրականություն» արտահայտությունը: Եվ հակառակը` ստեղծագործությունն այնքան «անկեղծ» է, որ վերածվել է սանձարձակության: Առավել հաճախ մենք նկատում ենք, որ այս «կեղծ»-ն ու «անկեղծ»-ը միագիծ ու միատոն են. այստեղ ընդամենը առկա է հեղինակի կենսակերպի անհամապատասխանությունը իր ստեղծած գրականությանը:
Մեզ շրջապատող իրականության մեջ մարդկությունը հարատևորեն ու անդուլ փորձում է ու փոխում է իր կենսակերպը. կենսակերպ, որն առաջին հերթին դիտարկվում է ժամանակահատվածի տիրույթում: Գրական գործի մասին դատելիս մենք որքան էլ զանց առնենք հեղինակին, այնուամենայնիվ չենք կարող բացառել գրողի ապրած միջավայրն ու կեցությունը: Եթե մենք զանց ենք առնում հեղինակին և ընդունում ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք ոճական և թեմատիկ առումով կրկնում են նախորդ որևէ հեղինակի գործերը, պահպանելով «գեղարվեստի» չափանիշները, ապա միանշանակորեն պետք է ընդունեինք, որ ստեղծագործությունները հաջողված են: Սակայն, օրինակ, Պետրոս Դուրյանի ստեղծագործությունների հաջողված նմանակումներ որքան էլ արվեն (և արվել են) նրանից հետո, չեն կարող ապահովել այն, ինչ փոխանցել է Պետրոս Դուրյանը: Ոչ ոք ավելի միաձույլ չի կարող լինել Դուրյանի կենսակերպին ու ժամանակին, որքան ինքը Դուրյանը: Այսօր թե’ սոցիալական ցանցերում, թե’ հանրային այլ հարթակներում ականատես ենք լինում բազմաթիվ «նարեկացիների», «տերյանների», «չարենցների», «սևակների» և այլն: Հաճախ հանդիպում ենք անգամ այնքան հղկված ու գրագետ լեզվի ու բանատողի կիրառության, որ տարակուսում ես. սակայն ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: «Կեղծ գրականություն» ասելով` առաջին հերթին նկատի ենք ունենում ստեղծագործության անհամապատասխանությունը հեղինակի միջավայրին ու կենսակերպին:
Ինչո՞ւ է հատկապես մեզանում ահռելի շատ այս «կեղծարարությունը»: Մենք ապրել ենք հասարակարգի փոփոխություն: Հասարակարգի փոփոխությունը ենթադրում է, որ հումանիտար գիտությունները, այդ թվում` գրականագիտությունը, պետք է նոր մեկնակետներ որդեգրեն: Թեպետ պետք է նկատել, որ այսօր աշխարհն այնքան բաց է մեզ համար, որ մենք կամա թե ակամա գաղափարախոսություններով «զոմբիներ» կրթելու անհեռանկարայնությամբ չպիտի դատապարտվենք: Սակայն, ցավալին այն է, որ մեզ մոտ ոչինչ կարծես տեղից չի շարժվել: Հայտնի իրողություն ու արտահայտություն կա, որ աթեիստները հիմա աստվածաբանություն են դասավանդում: Մենք այս իրողությանը հանդիպում ենք բոլոր հումանիտար առարկաների պարագային: Լենինի, Մարքսի, Էնգելսի անունը դասագրքերից ու դասախոսություններից հանելը դեռ շատ փոքր, անգամ երբեմն չարդարացված քայլ է: Եթե այսօր քո գրականության դասագրքերն ու դասախոսությունները չեն կարողանում համաչափ քայլել քո կյանքի ընթացքի հետ, ուրեմն դու շարունակում ես զբաղվել «զոմբիներ» պատրաստելով:
Գրականությանը ամենամեծ արժեքը կարող է տալ միմիայն կյանքը:
Մի քանի տարի առաջ դպրոցներից մեկում գրականություն էի դասավանդում: Եթե չեմ սխալվում, յոթերորդ դասարանի աշակերտների ծրագրում էր, որ ամբողջ տարվա դասաժամերից քսան տոկոսից ավելին պետք է հատկացնեի Սունդուկյանի «Պեպո»-ին: Կարելի էր այս դասաժամերի մեծ մասը հատկացնել ընդհանրապես դրամատուրգիայի, անգամ դրամատուրգիա-թատրոն-հասարակություն շղթայի ուսումնասիրման համար. սակայն` ոչ, մենք արմատապես թուլություն ունենք սոցիալական թեմաների արծարծման նկատմամբ: Սովետից հետո դա մեր գենոֆոնդի անքակտելի մասն է: Մեկ քառորդ տարի:
Կրթության թեման շարունակելով` ասեմ, որ (փոքր և ուրախալի բացառությունները չհաշված) ընդհանուր պատկերն այնպիսին է, որ գրականության ուսուցիչները իրենց հանձնարարած անգիրներն անգամ այնքան լավ չգիտեն, որքան պարտադրում են աշակերտներին: Ես գիտեմ ուսուցիչների, որոնք «սովետից հետո» գիրք չեն կարդացել: Ես գիտեմ ուսուցիչների, որոնք անգամ իրենց ծրագրի նյութի բնագրերին ծանոթ չեն, և սրանք մեկ-երկուսը չեն: Այստեղ մեղքը թողնել միայն ուսուցիչների վրա, իհարկե, սխալ է, թեպետ ճիշտ է նաև «ով որոնում է, նա գտնում է» արտահայտությունը:
Քսան-երեսուն տարի գրականության կենդանի պրոցեսից կտրված ուսուցչի աշակերտներից (բառի ամենաիսկական իմաստով) ինչ կարող ենք պահանջել: Պատասխանը մեկն է` «զոմբի»: Մենք ունենք սոցցանցերում տասնյակներով «նարեկացիներ», հարյուրյակներով` «տերյաններ» ու «չարենցներ», հազարներով «սևակներ», որոնց մեջ ոչինչ չենք կարող գտնել, որովհետև մեր կյանքն ու մտահոգությունն այդտեղ չկա:
Այս հրապարակման սկզբում ես խոսեցի «կեղծի» և «անկեղծի» հանդիպող միատոնության մասին: Անկեղծ բառը, ասեմ, որ վերապահումով է օգտագործված: Որովհետև թյուրընկալում կա, թե ամեն բացախոսություն անկեղծ է: Երբ ընթերցում ենք Միլլերին, ապա նա գրավիչ է դառնում է ոչ միայն իր աշխարհընկալմամբ ու տաղանդի ուժով, այլ նաև նրանով, որ այդ ամենը իր կենսակերպի արտացոլումն է: Թերևս տաղանդի բաղադրիչներից է նաև առաջին հերթին այն, որ ապրածը կարողացել է ստույգ հասցեագրման ծիր հասցնել: Բայց մենք տեսնում ենք, որ շատ «քաջեր» ժողովրդի լեզվով ասած ափեղ-ցփեղ բացախոսություններ են անում` հավակնելով գրականության: Սրանք նույն «զոմբիներն» են, որոնք ըմբոստություն են խաղում, երևի չբավարարվածի թերաարժեքությունից ազատագրվելու համար:
Աշոտ Գաբրիելյան
Նախորդը / Հաջորդը