տուն Լուրեր Կենսաչափական անձնագրերի վճարը կփոխվի՞

Կենսաչափական անձնագրերի վճարը կփոխվի՞

523
0

2017-ին Հայաստանի քաղաքացիներին տրվել են 11.070 կենսաչափական  անձնագրեր` 2016-ի 59.000-ի դիմաց: Այս  մասին Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ  Մնացական Բիչախչյանից:  Քաղաքացիները Հայաստանից դուրս գալու համար, Բիչախչյանի խոսքով, ավելի շատ նախընտրում են հին նմուշի անձնագիր, քանի որ, ի տարբերություն կենսաչափական անձնագրերի, ավելի էժան է: Հին նմուշի անձնագրի համար վճարում են 1000 դրամ, գումարած` 5000 դրամ, եթե վիզա խփում են 5 տարով, կամ 1000 դրամ, եթե 1 տարով է: Կենսաչափական անձնագիր  ստանալու համար քաղաքացին վճարում է 25.000 դրամ:

Եթե քաղաքացին կարող է 1000 դրամով  ունենալ հին նմուշի անձնագիր, ինչո՞ւ պետք է վճարի 25.000 դրամ: Ըստ Բիչախչյանի՝ քաղաքացուն տրված է ընտրության հնարավորություն: Կենսաչափական անձնագրերն ունեն մեկ առավելություն՝ հին նմուշի անձնագրերը կեղծելն ավելի  հնարավոր է, քան կենսաչափական անձնագրերինը: Մինչ օրս  կենսաչափական անձնագրերի կեղծման որեւէ դեպք, ոստիկանության ներկայացուցչի խոսքով,  չի արձանագրվել:

Թե՛ կենսաչափական, թե՛ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարի է: «Սակայն  մինչեւ 6 տարեկան երեխաներին կենսաչափական անձնագիր տրվում է 3 տարի, 6 տարեկանից բարձրին` 5 տարի ժամկետով, 18 տարեկան եւ զինծառայություն չանցած, տարկետման մեջ գտնվող անձանց տրվում է տարկետման ժամկետով»,- մանրամասնեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետից հետաքրքրվեցինք՝  անձնագրերի տրամադրման կարգի, դրանց դիմաց գանձվող վճարների փոփոխություն նախատեսվո՞ւմ է, քանի որ քիչ չեն  դժգոհությունները կենսաչափական անձնագրերի գնի մասին: «Այս պահին չեմ կարող ասել: Լավ կլինի, որ քաղաքացին քիչ վճարի, բայց թե ե՞րբ կվերանայվեն վճարները` դժվարանում եմ ասել»,- պատասխանեց Մնացական Բիչախչյանը:

Մինչեւ 2019-ի հունվարի մեկը քաղաքացիները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր, սակայն դեռ  հայտնի չէ, թե 2019-ի հունվարի մեկից հետո  հին նմուշի անձնագրերը կիրառությունից դուրս կգա՞ն, թե՞ ոչ: Բիչախչյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում ամեն ինչ կհստակեցվի:

Թեեւ ոստիկանության ներկայացուցիչը, դեսպանատները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, թե  քաղաքացին իրենց երկիր մուտքի վիզա կարող է ստանալ կամ հին, կամ կենսաչափական անձնագրերով, սակայն Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցանկալի է ունենալ կենսաչափական անձնագիր, քանի որ պահանջվող փաստաթղթերի քանակն ու վիզայի տրամադրման  գործընթացը բավական հեշտանում է: Մինչդեռ հին նմուշի անձնագրերի դեպքում բյուրոկրատական քաշքշուկներն ավելանում են:  Բացի այդ, հին նմուշի անձնագրերի  կիրառության ժամկետի անորոշությունը եւս պատահական չէ: Ընթերցողները կհիշեն, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ հին նմուշի անձնագրերը նույնականացման քարտերով էին փոխարինում: «Սա ընդամենը փող աշխատելու ձեւ է»,- ասում էին քաղաքացիները:

Նախորդ տարի էլ  Araratnews.amանդրադարձել էր նպաստառուների բողոքներին, որոնցից նույնականացման քարտ էին պահանջել, թեև հին նմուշի անձնագրերը վավերական էին:  Փաստորեն, քաղաքացուն տալով ընտրության հնարավորություն` Կառավարությունը բյուջեն քաղաքացիների հաշվին լցնելու երկու աղբյուր է ստեղծել: Ու քանի դեռ պարզ չէ, թե մինչեւ 2019 թվականը քանի հին նմուշի անձնագիր «կծախեն» քաղաքացիների վրա, ըստ այդմ էլ այդ անձնագրերի վավերականության ժամկետի անորոշությունը կպահպանվի:

Սոնա Դավթյան