տուն Լուրեր ԿԸՀ-ն պետք է միջոցներ ձեռնարկի որոշ ՀՀԿ-ականների գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ (տեսանյութ)

ԿԸՀ-ն պետք է միջոցներ ձեռնարկի որոշ ՀՀԿ-ականների գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ (տեսանյութ)

84
0

ELQ

«Ելք» դաշիքի ներկայացուցիչները պահանջում են անհապաղ դպրոցներից հեռացնել այն տնօրեններին եւ ուսուցիչներին, որոնց անունները շրջանառվում են այսօր Sut.am կայքի կողմից հրապարակված սկանդալային հրապարակման մեջ: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեցին դաշինքի անդամներ Ալեն Սիմոնյանն ու Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք՝  Sut.am կայքն այսօր հրապարակեց ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ հոդված, որից պարզվում է, թե ինչպես են հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենները մանրամասն պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Հրապարակման հեղինակները զանգահարել են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների 136 տնօրենների և, ներկայանալով Հանրապետականի շտաբից, հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

«Ընտրությունները պետք է անցկացվեն ազատության պայմաններում, եւ ապահովված լինի ազատ ընտրությունների սկզբունքը, տվյալ դեպքում այդ սկզբունքը խախտված է: Օգտագործվել է վարչական եւ հանրային ռեսուրս մի քաղաքական ուժի օգտին (նկատի ունի Հանրապետական կուսակցությանը-խմբ.),- ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա՝  ընտրական իրավունքի պաշտպանության գործառույթ իրականացնելու պարտականություն ունեցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է վարույթ հարուցել ՝ արձագանքելով այս խախտմանը:

«Սա բավական աղմկահարույց դեպք է, այս կապակցությամբ ընտրական հանձնաժողովը պետք անհապաղ միջոցներ ձեռնարկի, եւ այն անունները, որոնք շրջանառվում են այս պատմության մեջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով պետք է դիմի դատարան, որպեսզի հնարավոր լինի փրկել պատկերը»,- շարունակեց Զեյնալյանը, պնդելով, որ հակառակ դեպքում աղավաղված է լինելու ընտրությունների պատկերը:

Զեյնալյանը նշեց, որ հրապարակման մեջ հիշատակվում են պատգամավորի թեկնածուներ Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանի, Արամ Սահակյանի եւ այլոց անուններ: Նշենք, որ նշված անձինք առաջադրված են Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով:

«Նրանց գրանցումը անվավեր չճանաչելու պարագայում ընտրությունների արդյունքները արդեն իսկ վստահություն չեն կարող ներշնչել: Ավելին՝ կարծում ենք, որ Հանրապետական կուսակցության գրանցումը պետք է անվավեր ճանաչել»,- շեշտեց Զեյնալյանը:

Դաշինքի մյուս անդամ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ այս պատմության հետ առնչվող տնօրենները պետք է գոնե ժամանակավորապես լքեն իրենց պաշտոնը:

«Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս դպրոցների հետ կապված հարցերով, որովհետեւ մեր ընտրական տեղամասերը գտնվում են դպրոցներում, այսիքն՝ 84 ընտրատեղամասում, այս  պահի դրությամբ, դեռ ընտրությունները չսկսած, արդեն լուրջ կասկածներ կան, թե ինչ է լինելու»,- հավելեց Սիմոնյանը: