«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։
Չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:
Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի` ստվարաթղթե պալարային տուփի և միջադիրների, յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը և կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները:
Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտման պատճառով:
Հ․Գ․ Տարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։
Տեսչական մարմինը երբևէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու և ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետևողական։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն