Երեւանի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանից անօրինական հեռացրել են երրորդ կուրսի ուսանողուհի Լիաննա Դավթյանին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուսանողուհու մայրը՝ Մարգարիտա Դավթյանը: Նա նշեց, որ Լիաննա Դավթյանը սույն թվականի մարտի քսանին մեկնել է երկրից: Մոր խոսքով՝ ԲՈՒՀ-ից տվել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն, որի ուսանողուհին կարող է բացակայել դասերից: «Ինչպես կարգն է, ուսանողը` Լիանայի Արայի Դավթյանը, իր մոտ ծագած հարցով դիմել է ԲՈՒՀ-ի դեկանատ, բացատրելով թե ինչ և ինչի համար է անհրաժեշտ: Ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Ն. Մանուկյանը և դեկան Մադոյանի լիազորված անձ՝ Բաբայանը, այնուհետև դեկան Ի. Մադոյանը, ի սկզբանե տեղյակ են եղել, որ իրենց համալսարանը համագործակցության պայմանագիր չունի Մարսելի ԺԱՖ կազմակերպության հետ: Այսուհանդերձ, դա խնդիր չհանդիսացավ, և համալսարանը, ի դեմս նրանց, տվեց տեղեկանք, առ այն, որ Լիանա Դավթյանը իրենց ուսանողն է, ում երրորդ կուրսի` երկրորդ կիսամյակի քննությունները տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ: Սակայն ոչ մի զգուշացում ռեկտոր Գայանե Գասպարյանի անունով դիմում գրելու և ռեկտորատի նիստում քննարկելու մասին »,- նշեց Մարգարիտա Դավթյանը:
Վերջինիս խոսքով՝ Լիաննայի մեկնելուց հետո, ինքը համալսարանից զանգ է ստանում: «Երեխուս մեկնելուց հետո, որոշ ժամանակ անց, ինձ զանգահարում են, ներկայանում են համալսարանի աշխատակից և շատ գռեհիկ կանչում իրենց մոտ, մոտենալու ոմն Սահակյանին, ով հետագայում պարզվեց, որ այս թեմայից առհասարակ տեղյակ չէր, ու առավել ևս՝ նման հրահանգ չէր տվել: Փաստացի, այնտեղ հանդիպելով պռոռեկտորին և դեկանին տեղեկացել եմ, որ երեխայիս տրված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով, և իրենց հավանաբար ոչ եզակի սխալը կոծկելու համար, ինձ առաջարկեցին աղջկաս անունից հեռացման դիմում գրել, հակառակ դեպքում նա կհեռացվի իրենց կողմից: Փաստացի, մեզ տրվել է իրավաբանական ուժ ունեցող տեղեկանք՝ կնիքով, ստորագրությամբ, խորհրդանիշով և այլն, որը ընդունել է և դեսպանատունը: Իսկ ես և աղջիկս, ամենևին, պարտավոր չէինք տեղյակ լինելու, թե տվյալ տեղեկանքը լրացման ինչ այլ կարգ կարող էր ունենալ, եթե այդ առումով մեզ համալսարանը չի ուղղորդել: Հենց այս անհեթեթ առաջարկի և սպառնալիքի հիման վրա ես գրավոր դիմեցի ՀՀ ԿԳՆ նախարարությանը, սակայն մինչ օրս գրավոր որևէ պատասխան չունեմ ոչ նախարարությունից, ոչ էլ ԲՈՒՀ-ից»,- հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Մարգարիտա Դավթյանը: Նրա խոսքով՝ ինքը գնացել է համալսարան, որտեղ փորձել է իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ: ԲՈՒՀ-ից, սակայն հայտնել են, որ ուսանողուհին երկու շաբաթ առաջ հեռացվել է: «Քանի որ հեռացման թեմայով որևէ տեսակի ծանուցում, որում պետք է զետեղված լինեն նաև հիմնավորումներ չենք ստացել ոչ ես, ոչ երեխաս, հայտարարում եմ հեռացումը անօրինական և դատական կարգով կպահանջեմ վերականգնել երեխայիս կրթության ընթացքի անխափանությունը: Առավել ևս վճռական տրամադրվեցի, երբ կայքերից տեղեկացա, թե հեռացման հիմնավորում է եղել երկրորդ կիսամյակի չվճարված վարձը: Ինչպես հասկանում եք, դա լուրջ հիմք կամ պատճառ լինել չի կարող: Սա ակնհայտ խաբեություն է և զրպարտանք մեր հասցեին»,- նշեց Մարգարիտա Դավթյանը:
Ուսանողուհու մայրը դիմել է նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: Պատասխան, սակայն մինչ այժմ չեն ստացել: Նշենք, որ հեռացման մասին տեղեկացած ուսանողուհին երեկ բաց նամակ է հասցեագրել ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանին: