Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի կոռուպցիոն կծիկը բացված է, տնօրենը՝ աշխատանքից ազատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարԴավիթ Խաժակյանը:
Araratnews.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը մանրամասնեց՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը Մարինա Ստեփանյանի գործունեության մասին ահազանգեր է ստացել. «Տնօրենը գրանցել էր հաստիքներ, որոնք գոյություն չունեին, իսկ հաստիքներին հատկացված գումարները յուրացրել է: Երբեմն էլ մի աշխատողը պարտավորվել է մի քանի աշխատանք կատարել, սակայն վճարվել է մեկի համար, մնացած գումարն էլ տվել է տնօրենին: Մյուս խնդիրն այն է, որ արձակուրդ գնալու համար աշխատակիցները պետք է 20.000 դրամ վճարեին տնօրենին՝ իրենց հաշվին արձակուրդ գնալու համար: Տնօրենը պոլիկլինիկայում յուրացրել է այն, ինչ կարողացել է»:
Ուսումնասիրելով պոլիկլինիկայի փաստաթղթերը եւ համոզվելով, որ իրոք ապօրինություն է եղել, Դավիթ Խաժակյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատելու պահանջով:
Մարինա Ստեփանյանը երկար ժամանակ է աշխատել 16-րդ պոլիկլինիկայում, սակայն քաղաքապետարանը աչք է փակել նրա գործունեության վրա: Դավիթ Խաժակյանը չբացառեց, որ գուցե նախկին տնօրենը հովանավոր է ունեցել, սակայն դժվարացավ անուններ տալ:
Ավագանու անդամը հետամուտ կլինի՞ Մարինա Ստեփանյանին պատասխանատվության ենթարկելու հարցին ի պատասխան Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս ամենը հիմք է քրեական գործ հարուցելու դատախազության կողմից: «Ես առաջիկայում կճշտեմ՝ եթե քրեական գործ հարուցված չէ, ապա օրենքի շրջանակներում քայլեր կձեռնարկեմ»,- ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը:
Սոնա Դավթյան