տուն Լուրեր Կձեւափոխվի ՀՀ զինանշանը եւ կփոխվի ՀՀ օրհներգը (լուսանկար, տեսանյութ)

Կձեւափոխվի ՀՀ զինանշանը եւ կփոխվի ՀՀ օրհներգը (լուսանկար, տեսանյութ)

2868
0

111

Ըստ Araratnews.am-ի իրազեկ աղբյուրների՝ խորհրդարանում նախատեսվում է օրինագիծ ներկայացնել Հայաստանի հանրապետության զինանշանը եւ օրհներգը փոխելու մասին։ Զինանշանում կկատարվեն ոճային որոշ փոփոխություններ. կենտրոնական վահանը պահող ձախակողմյան արծիվը և աջակողմյան առյուծը կվերածվեն լեզուն դուրս հանած գիշատիչների, ինչպես պատկերված էր Հայաստանի առաջին հանրապետության զինանշանում։ Այն հերալդիկայում անվանում են «կատաղի»:
ՀՀ զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

HH+Zinanshan+GERB+Hayastan

Հիշեցնենք՝ 2015 թվականի փետրվարի 4-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ պետական խորհրդանիշների պատկերների ուսումնասիրման, ձեւավորման, տեխնիկական փոփոխությունների իրականացման նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրաման էր ստորագրել։

Ըստ «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքի՝ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների` Բագրատունիների, Արշակունիների,  Արտաշիսյանների, Ռուբինյանների զինանշանները (համապատասխանաբար` վերին ձախ անկյունից ներքևի աջ անկյուն)։ Վահանը ձախից պահում է արծիվը, աջից` առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը, համապատասխանաբար, կարմիր,  կապույտ, կապույտ,  կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Այդ գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Նշենք, որ մասնագետների կարծիքով՝ 2006 թ. հաստատված զինանշանում բազմաթիվ սխալներ կան, իսկ «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքը թերի է. հերալդիկ նկարագրության մեջ պետք է առանձին նշվեն դաշտի, պատկերի, նրա առանձին մասերի գույները, մինչդեռ օրենքում դա չկա:

2006-ի հոկտեմբերի 21-ին մրցույթ էր հայտարարվել նաեւ ՀՀ օրհներգի երաժշտության համար։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկել էր հօգուտ աշխարահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հեղինակած՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության: Մրցութային հանձնաժողովը դիմել էր կառավարություն՝ Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Սակայն մինչ օրս հարցը մնացել է առկախ։

Նկատենք, որ Արամ Խաչատրյանը օրհներգի երաժշտությունը գրելիս ուսումնասիրել է հիմներ ստեղծելու դասական կանոնները՝ օգտագործելով մեր ազգային, հոգեւոր երաժշտության տարրերը։

Ներկայիս օրհներգի խոսքը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության թարգմանությունն է, թեպետ որպես երաժշտության հեղինակ նշվում է Բարսեղ Կանաչյանը, բայց իրականում, մեղեդին ժողովրդական է, եղել է ֆիդայական երգ, որը պարունակում է բալկանյան երաժշտության տարրեր, Կարա Մուրզան բազմաձայնել է, իսկ Կանաչյանը՝ վերադաշնակել։