տուն Լուրեր ԿԲ սպասումները լավատեսական են դարձել

ԿԲ սպասումները լավատեսական են դարձել

142
0

State-Tax-Revs-Economic-Changes.png

Տնտեսական կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ

Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության լավատեսությունը փոխանցվել է նաեւ Կենտրոնական բանկին։ Ըստ այդմ, երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում վերջինս տարեսկզբին ներկայացրած կանխատեսումները վերանայել է աճի ուղղությամբ։ Այդ քայլը Կենտրոնական դրամատունը հիմնավորել է տնտեսության մեջ արձանագրված փաստացի ցուցանիշների սպասված ավելի դրական զարգացումներով։ Հիշեցնենք, որ չորս ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունը կազմեց 2,7 տոկոս։

Տարեսկզբին Կենտրոնական բանկի սպասումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ այնքան էլ լավատեսական չէին։ Թերեւս դա էր պատճառ, որ ԿԲ-ն նախկին կանխատեսումները բավականաչափ նվազեցրեց՝ ակնկալելով, որ տնտեսական աճը կտատանվի 0,4-2 տոկոսի միջակայքում։ Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրում ԿԲ-ն բարձրացրեց է ոչ միայն նվազագույն, այլեւ առավելագույն աճի ակնկալիքը։

Ըստ այդմ, կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 1,6 տոկոսից պակաս չի լինի։ Ակնհայտ է, որ նվազագույն սպասելիքները նախորդ կանխատեսման համեմատ կտրուկ դրական են դարձել։

Փոխվել է նաեւ աճի առավելագույն սպասումը։ Տարեսկզբի 2 տոկոսից այն դարձել է 2,6 տոկոս։

Այլ կերպ ասած, առաջին եռամսյակի 0,4-2 տոկոսի փոխարեն այժմ արդեն Կենտրոնական դրամատունը կանխատեսում է, որ տարեկան տնտեսական աճը Հայաստանում կտատանվի 1,6-2,6 տոկոսի սահմաններում։

Սպասումների փոփոխությունը ԿԲ-ն պայմանավորել է մի շարք գործոններով, մասնավորապես ֆինանսական իրավիճակի կայունացմամբ, դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումներով։

Իհարկե, ԿԲ-ն որոշակի ռիսկեր դեռեւս տեսնում է արտաքին միջավայրում՝ կապված ինչպես համաշխարհային տնտեսության թույլ զարգացումների, այնպես էլ հանքահումքային ապրանքների գների ցածր մակարդակի եւ ներքին տնտեսության պահանջարկի նվազման հետ։ Թեեւ դատելով տնտեսական աճի ցուցանիշների վերանայման ուղղությունից՝ ԿԲ սպասելիքներն ավելի շատ դրական են։

Ավելացել են ակնկալիքները, մասնավորապես, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Կանխատեսվում է, որ առաջինում աճը կլինի 1,5-2,5 տոկոս։ Նախորդ կանխատեսման մեջ ամրագրվել էր 1-1,6 տոկոս։ Նշենք, որ չորս ամիսների տվյալներով, արդյունաբերության աճը կազմեց 4,2 տոկոս։

Շատ ավելի դրական են սպասումները գյուղատնտեսության ոլորտում։ ԿԲ գնահատումներով, տնտեսական աճը այստեղ կկազմի 6,5-7,5 տոկոս՝ նախկին 3,5-4,5 տոկոսի փոխարեն։

Դրական են վերանայվել սպասումները նաեւ շինարարության մեջ։ Կենտրոնական բանկի գնահատումներով, բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալների նվազումը հնարավոր կլինի մեղմել համայնքային եւ պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացվող աշխատանքների հաշվին։ Դրանով հանդերձ շինարարության մեջ աճի սպասելիքներ առաժմ չկան, թեեւ դրանք բավական կտրուկ փոխվել են նախորդ կանխատեսման համեմատ։ Եթե տարսկզբին ԿԲ-ն համարում էր, որ շինարարության անկումը կհասնի 6,3-7,3 տոկոսի, ապա այժմ արդեն վատագույն սցենարը 0,5-1,5 տոկոսի միջակայքում է։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ