տուն Լուրեր ԿԲ-ն դարձյալ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պատճառը գնանկումն է

ԿԲ-ն դարձյալ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պատճառը գնանկումն է

68
0

dram

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 տոկոս:

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ԿԲ-ն 8-րդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը: Անցյալ տարվա օգոստոսին այն 10,5 տոկոս էր: Այս ընթացքում, ինչպես տեսնում ենք, վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջել է 3,25 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորված է Հայաստանում գնանկումային միջավայրով: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկի կողմից գնաճի զսպման գործիքներից մեկն է: Ներկայումս ոչ միայն Կենտրանական բանկի կողմից սահմանված 4 տոկոս + — 1,5 տոկոս միջակայքում գտնվող գնաճ չկա, այլեւ 2016 թ. հուլիսին արձանագրվել է 0,7 տոկոս գնանկում, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ 12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական է եղել՝ 1,3 տոկոս գնանկում: Հուլիսին արձանագրված գնանկում հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ և գազի սակագնի իջեցմամբ:

Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներին, ապա ԿԲ խորհրդի դիտարկմամբ, այստեղ պահպանվել են աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: Ելնելով այս հանգամանքից՝ ԿԲ խորհրդի գնահատմամբ, առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն լինի:

Ներքին տնտեսական կացության վերաբերյալ ԿԲ-ն արձանագրել է 2016-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում դիտվող սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արտահանման հատվածի դրական զարգացումներով: Այս ամենը նկատի ունենալով՝ ԿԲ խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ տարեվերջին գնանկումը զգալիորեն կդանդաղի: Փաստորեն, ցածր գնաճի պարագայում արձանագրվող սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվությունը լավ պայմաններ է ստեղծել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով տնտեսական աճը խրախուսելու համար:

Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ հայկական դրամը շարունակում է արժեւորվել՝ հիմնականում գյուղմթերքների եւ զբոսաշրջության սեզոններով, արդյունաբերական արտադրանքի ավելացմամբ եւ արտահանման աճով պայմանավորված: Սրանք նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման նպաստավոր գործոններ են: Ճիշտ է, ԿԲ-ն զգուշորեն՝ 0,25 տոկոսային կետով է իջեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ տնտեսական աճին նպաստելու համար դրամավարկային պայմանները կարելի էր ավելի մեծ չափով թուլացնել, սակայն միանշանակ է, որ տոկոսադրույքի իջեցման այս պահին որդեգրած քաղաքականությունը համապատասխանում է երկրի տնտեսական կացությանն ու նրա ներքին եւ արտաքին մարտահրավերներին: