Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հանձնարարեց անդրադառնալ արտարժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններին:
Ներսես Երիցյանը նշեց, որ դրսի շուկայում տեղի ունեցող շոկերը որոշակի լարվածություն են առաջացրել նաև Հայաստանում:
«Մենք հանդես են եկել հայտարարությամբ և կոչ արել զերծ մնալ սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, որոնք ոչ գիտակ մարդկանց կարող են ավելի վնաս պատճառել: Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են արտարժույթի շուկայում տեղի ունեցած տատանումներին դիմակայելու համար»,-ասաց Ներսես Երիցյանը:
Այնուհետեւ վարչապետը հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանին՝ հաջորդ նիստի ժամանակ հանգամանորեն ներկայացնել հանրապետությունում առկա գնաճի տվյալները:
«Մեկ անգամ արդեն ներկայացրել եք, և գնաճը կազմում էր հինգ տոկոս, բայց ես գիտեմ, որ բնակչության մոտ կասկածներ կան, որ գնաճը ավելի շատ է և 10-15 տոկոս է կազմում: Որպեսզի փարատվեն այդ կասկածները, խնդրում եմ նախապատրաստեք ու ներկայացրեք ապրանքների գնաճի ցուցանիշները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: