տուն Լուրեր Կայծակը սպանել է Գուսանագյուղի բնակչին

Կայծակը սպանել է Գուսանագյուղի բնակչին

132
0

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի բնակիչ Վանիկ Մելքոնյանը կայծակնահարվել ու մահացել է:  Վանիկն ընկերոջ՝ Գեւորգ Սահակյանի  հետ դեպքի պահին անասուններին արածեցնելիս է եղել: Ուժեղ անձրեւ է սկսվել, նրանք էլ որոշել են պատսպարվել արոտավայրին կից գտնվող նախկին քարհանքի չգործող ենթակայանի կիսակառույցում, որտեղ արդեն 20 տարուց ավել է, էլեկտրականություն չկա: Գուսանագյուղի վարչական ղեկավար Վասակ Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, դեպքը երեկ՝ օգոստոսի 2-ի երեկոյան է տեղի ունեցել: «Երկուսով են եղել, ինքն ու ընկերը: Իրանց անասուններին են տարել արոտ: Մեր գյուղի արոտավայրերը հիմնականում էդ նախկին քարհանքի տարածքում են գտնվում: Որ ուժեղ անձրեւ է եկել, մտել են էդ չգործող նախկին ենթակայանի մեջն ու հենց էդտեղ, շենքի մեջը  կայծակը խփել է: Հիմա էսօր նոր դիահերձում են, որ որոշեն էլի, թե ինչ է եղել: Բայց դե դիակի վրա վառված տեղեր կան, վերնաշապիկն է վառված, մազերը: Հետի ընկերոջ էլ ոտքին է խփել կայծակ, բայց նա ողջ է մնացել»,-պատմեց Գուսանագյուղի վարչական ղեկավարը:

Ողջ մնացած Գեւորգն ի վիճակի չի եղել, որ  քայլի: Սողալով մի կերպ կարողացել է 100 մետր առաջ գնալ եւ տեղյակ պահել կատարվածի մասին: «Ըդտեղ չոբան է եղել, նրան կարողացել է մի կերպ բացատրել: Չոբանն էլ զանգել է շտապօգնություն»:

Գուսանագյուղում կայծակնահարության առաջին դեպքն է սա: Համայնքի վարչական ղեկավարն ասաց, նաեւ տարեցներից են ճշտել. Գուսանագյուղում նման դժբախտ պատահար չի գրանցվել: