Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան. տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միկան (Միքայել Վարոսյան) ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով:
Մրցութային «LOVE» երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո և երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, և իր աշխատակիցները մշակում և կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան և իր օգնականները փորձում են կազմակերպել և կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաև համերաշխություն և բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում, իսկ կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:
«LOVE» երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաև հիշեցում ժպիտի աներևակայելի ուժի և կարևորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն:
Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատորն է Կարեն Ստեփանյանը, իսկ ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: