ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Թեո Ցվանցիգերն իր կարծիքն է հայտնել 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշման չեղարկման հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ ի վերջո 2022թ.-ի աշխարհի առաջնությունը չի կայանա Կատարում: Բժիշկներն ասում են, որ նրանք չեն կարող երաշխավորել ֆուտբոլիստների նորմալ վիճակը, եթե մրցաշարն անցկացվի ամռանն այդ պայմաններում», — նշել է ֆուտբոլային պաշտոնյան:
Նշենք, որ ամռան ամիսներին սնդիկի սյունը Կատարում հասնում է 50 աստիճանի: Այդ պատճառով ավելի վաղ դիտարկվում էր մրցաշարը ձմռանն անցկացնելու հնարավորությունը: Սակայն, քանի որ նույն ժամանակահատվածում տեղի են ունենալու նաև ձմեռային օլիմպիական խաղերը, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ Մունդիալը հաստատապես անցկացվելու է ամռանը:
Հիշեցնենք, որ Կատարը կարող է մրցաշարն անցկացնելու իրավունքից զրկվել նաև, եթե ապացուցվի, որ նրա ընտրության ժամանակ կաշառք բաժանելու դեպքեր են գրանցել: