Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնական դարպասապահ Գևորգ Կասպարովն անհեթեթություն է համարում սերբական և ալբանական լրատվամիջոցներում ՝ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում հայկական թիմի կողմից հաղթանակն ալբանացիներին վաճառելու մասին տարածված խոսակցությունները, հաղորդում է armtimes.com-ը:
«Անիմաստ խոսակցություններ են, ի՞նչ մեկնաբանեմ դրանք»,-ասաց ֆուտբոլիստը armtimes.com-ի հետ զրույցում:
Երեկ սերբական telegraf.rs-ը և ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշում էին, թե Ալբանիայի հավաքականը Հայաստանի ընտրանուն 2 մլն եվրո է վճարել, որպեսզի վերջինս զիջի 3 միավորը: Ըստ Գևորգ Կասպարովի՝ այդ խոսակցությունները պարզապես երկու անհաշտ երկրների՝ միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ են, որոնց հետ Հայաստանի ազգային հավաքականը որևէ կապ չունի:
Եվրո 2016-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչն ապահովեց վերջիններիս մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլին: