ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այսօր Հատուկ քննչական ծառայության կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձավ ՍԱՍ սուպերմարկետում աշխատողներին կաշառելու մասին գործին:
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է. «ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենն իրենց կողմից ձևավորված ենթաշտաբների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար դոլարին համարժեք դրամը, որպես ընտրակաշառք, 10.000-ական դրամ բաժանել են տարածքի ընտրողներին՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար»:
Խաչատրյանի խոսքով՝ նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձանց, ինչպես նաև կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: