տուն Լուրեր Կարսի պայմանագրի չեղարկումը Հայաստանի համար վտանգավոր է. քաղաքագետ

Կարսի պայմանագրի չեղարկումը Հայաստանի համար վտանգավոր է. քաղաքագետ

150
0

lkjkhh

Ի՞նչ հետևանքներ կունենա Կարսի պայմանագրի չեղարկումը և ինչպե՞ս կանդրադառնա  այն Հայաստանի վրա, Araratnews.am-ի հետ զրույցում խոսեց քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը.«Մեզանում տարածվել է այնպիսի մտայնություն, թե Ռուսաստանը մեզ համար է ցանկանում Կարսի պայմանագիրը չեղյալ համարել: Այնտեղ կարծես թե տարածքային խնդիրներ կան, որ Ռուսաստանը ցանկանում է վերանայել Թուրքիայի հետ: Այնպես որ, պետք է հասկանանք, որ սա ռուս-թուրքական պայմանագիր է և եթե Ռուսաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ունի, ապա պահանջներ ունի իր համար, ոչ թե Հայաստանի»:

Քաղաքագետի խոսքով՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի համար ոչ մի գործառույթ չունի.«Այստեղ անհեթեթ պահ էլ կա: Այդ պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանը մտնում էր Խորհրդային Ռուսաստանի մեջ և հետագայում կարող էր վերանվանվել Խորհրդային Միություն: Հիմա Հայաստանը դուրս է եկել այդ պետությունից և ըստ էության՝ այդ պետության կնքած պայմանագրերը մեր երկրի վրա չեն ազդում»:

Այնուամենայնիվ, Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Կարսի պայմանագրի չեղարկումը Հայաստանի համար վտանգավոր է.«Առանց այդ էլ հիմա մեզ մոտ մի ռուսական ռազմաբազա կա և այդ պայմանագիրը չեղարկելով՝ Ռուսաստանը և՛ լարվածությունն է ավելացնելու, և՛ ցանկանալու է Հայաստանի կողքին ռուսական տարածքներ ունենալ՝ Սարիղամիշի և Կարսի շրջաններում: Հայաստանի բախտն այնքանով է բերել, որ գոնե Ռուսաստանի հետ մենք ընդհանուր սահման չունենք»:

Վերջում քաղաքագետը հավելեց, որ այդ պայմանագրի չեղարկումը տարածաշրջանում որևէ ռեալ բանի չի հանգեցնի.«Միակ բանը, որին կհանգեցնի, հետագայում ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան է, ինչը բնական է, որ Հայաստանի համար լավ չէ»: