տուն Լուրեր Կարող ա սրվեն. Նապոլեոն Ազիզյանը` Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին

Կարող ա սրվեն. Նապոլեոն Ազիզյանը` Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին

184
0

Gagik

«Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը չի պատրաստվում մանդատից հրաժարվել: Այս մասին Նապոլեոն Ազիզյանն ասաց Araratnews.am-ի հետ զրույցում` պնդելով, որ ինքը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Նշենք, որ Հայաստանի հանրապետական և  Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների, ինչպես նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: «Ծառուկյան» դաշինքից, սակայն, որոշ  ընտրված պատգամավորներ հայտարարել են, թե տեղյակ չեն այդ դիմումներից եւ չեն պատրաստվում հրաժարվել մանդատից:

Պարո՛ն Ազիզյան, փաստորեն պայքարելո՞ւ եք ձեր մանդատի համար, այո՞:

Մանդատի համար պայքարելը ո՞րն ա, ես օրենքով ընտրված եւ օրենքով ամրագրված պատգամավոր եմ:

Ինչո՞ւ այդպիսի բան ստացվեց:
Չեմ կարող ասել, ես երեկ պատահաբար էդ լրատվամիջոցներից իմացա, որ տենց թղթեր կան, ինչ կա` չգիտեմ:

Իսկ փորձե՞լ եք խոսել Գագիկ Ծառուկյանի հետ:

Ես Գագիկ Ծառուկյանի ուղիղ համարը չունեմ, էն մյուսներին որին զանգում եմ` չեն պատասխանում:

Այսինքն` այս հարցի հետ կապված որեւէ խոսակցություն չի՞ եղել:

Չէ՛, չի եղել, ես պարզելու հարց չունեմ: Օրենքով հստակ գրված ա, ես էլ ինքնաբացարկի դիմում չեմ գրել, ինչի՞ մասին խոսեմ: Եթե ես բժիշկ չեմ, ինձ ասեն` բժշկությունը թարգ տուր, ես բժիշկ չեմ, չէ՞:

Դուք դեմ եք գնում «Ծառուկյան» դաշինքի որոշմանը, չե՞ք վախենում, որ Գագիկ Ծառուկյանի հետ ձեր հարաբերությունները կսրվեն, եւ որոշակի հետեւանքներ կլինեն:

Կարող ա սրվեն, բայց բոլորն էլ պետք ա հասկանան, եթե  ես ինչ-որ մեկի հորդորով գնամ… Ինձ մարդիկ ձայն են տվել, չէ՞, առաջին տեղն եմ գրավել, հիմա գնամ էդ ընտրողներին… Կամ` ինձ ամբողջ աշխարհից զանգել, շնորհավորել են, հիմա ես ի՞նչ ասեմ, ասեմ` ինձ կանչեցին, ասեցին` գնա դիմում գրի՞: Այլ հարց, եթե երկրորդ տեղը գրաված լինեի, չգիտեմ, եթե Ծառուկյանն այլ հարցեր կունենա, ես պատրաստ եմ քննարկելու, ես բոլոր տեղերում էլ ասել եմ` իրան շատ հարգում եմ, ինքն ա լրիվ կազմակերպել, բայց էս պարագայում ես պտի գնամ, ստանամ մանդատը, թե հետագայում ինչ կլինի` Աստված գիտի:

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այսպես վարվում իր կուսակիցների հետ, որովհետեւ դուք միակը չեք, ում համար այս ամենը անակնկալ էր:

Դե, իմ համար էլ անակնկալ էր, ճիշտն ասած, չեմ կարող բացատրել, անողները կարող են բացատրել` ինչի՞ են տենց արել:

Այսօր կգնա՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ես ապրիլի  2-ի գիշերվանից պառկած եմ,  ոտքս ցավում ա, բայց ես համապատասխան գործողություններ կանեմ, որպեսզի էդ դիմումը քննարկվի, վավեր չճանաչվի, որովհետեւ ես նման բան չեմ արել:

Հնարավո՞ր է դատի տաք Ձեր անունից կեղծ դիմում ներկայացրած անձանց:

Չէ՛, չեմ պատրաստվում, ես մինչեւ վերջ իմ իրավունքների համար եմ պայքարելու: Ի՞նչ դատի տամ, թուղթ են ներկայացրել, հետ կվերցնեն, էլի:

Շողիկ Գալստյան