Շիրակի մարզում այս տարի կարկտահարության հետեւանքով հողի մշակը բերք գրեթե չի ամբարի: Հիմնականում ոչնչացել են հացահատիկային կուլտուրաները: Վնասի մեծ մասը բաժին է հասել ցորենին ու գարուն: Ցանքատարածություններ կան, որոնցից անգամ խոտ չի հավաքվել: Այսինքն, գյուղացու տանջանքն ու ծախսած գումարը զրոյի է հավասարվել: Շիրակում այս տարի 52 համայնք կարկտահարվել, եւս 4-ն էլ ցրտահարվել էր: Բոլոր համայնքների կրած վնասներն ուսումնասիրվել, ցուցակագրվել, ներկայացվել են կառավարությանը՝ հնարավոր փոխհատուցման ակնկալիքով: Մինչ այդ, այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փոխհատուցման իր ծրագիրն է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց, մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացել դրական արձագանք։ Արդյունքում որոշվել է օգնել 2019 թվականի հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 4300 մարդու: Նրանք Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամի կտրվի 35 215 դրամ: Փոխհատուցման ծրագրի շրջանակներում ընտանիքներին հատկացվող գումարի ընդհանուր չափը կազմում է 151 424 500 ՀՀ դրամ: