Այսօր Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Նշված նախագծի քննարկումը Աժ առաջիկա քառօրյայում ընդգրկելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը քվեարկությունից հետո մերժվեց:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասաց, որ օրենքի նախագիծը կշարունակվի իր ընթացակարգով, մինչև լիագումար նիստում այդ հարցը որոշվի:
«Ես կարող եմ վերահաստատել իմ դիրքորոշումը, որ ես չեմ կարող և մի քիչ անտարամաբանական է գոյություն ունեցող նախագծի քննարկումը հետաձգել` հանուն գոյություն չունեցող նախագծի քննարկման: Դուք գիտեք, որ հայտնի իրդարձություններից հետո բավական երկար ժամանակ է անցել: Այդ ընթացքում անընդհատ խոսվել է, որ սահմանապահ համայնքների հարցը պետք է լուծվի: Բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ գոյություն չունի որևէ այլ նախագիծ: Ես շատ կարևորում եմ, որ մենք ռեալ նախագծեր ունենանք, այլ ոչ թե միայն քաղաքական հայտարարություններ: Ի սկզբանե հայտարարել եմ, որ այն պահին, երբ կլինի քաղաքական ավելի լավ համաձայնություն ունեցող նախագիծ, ես, բնականաբար, կհրաժարվեմ այս նախագծից»,- ասաց նա և շարունակեց.
«Այս հարցը, ինչպես նախկինում, լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և այսօրվա քննարկումը ևս մեկ անգամ արձանագրումն էր այն բանի, որ սահմանապահ համայնքներում լուրջ խնդիրները պետք է լուծվեն»:
Օրենքում հստակ ասվում է, որ սահմանապահ համայքնի բնակչի օգտագործած հոսանքի վարձավճարի կեսը պետք է վճարի կառավարությունը, նույնը վերաբերում է բնական գազին, խմելու և ոռոգման ջրին:
Կարևոր հարցերից Փաշինյանն առանձնացրեց սահմանապահ համայնքների բնակիչների` թշնամու կրակոցներից վիրավորվելու դեպքում բուժում ստանալու հարցը:
«Եղել են դեպքեր, երբ մարդն ինչ-որ վնասվածք է ստանում, և հարազատները ընկած ման են գալիս, որպեսզի այդ մարդու բուժումը կազմակերպեն: Իհարկե, արդյունքում ինչ-որ բարերարների, պաշտոնյաների միջոցներով լուծվում է այդ խնդիրը: Բայց ինչո՞ւ պետք է մարդն իր հիվանդի դարդը թողած` ընկնի տարբեր աղբյուրներ փնտրի, այդ աղբյուրը պետք է երաշխավորվի ՀՀ օրենքով, որ մարդը, եթե ականի պայթյունից վնասվածք ունի, ապա պետության պարտավորությունն է` այդ մարդու բուժման ծախսերը հոգալ»,- եզրափակեց Փաշինյանը: