Այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Սահամանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքին, ասաց, որ սահմանապահ համայնքների անվտանգության խնդիրները լուծված չեն:
«Մեզ համար շատ մեծ դրվատանքի է արժանի այս նախագիծը, որովհետև մենք լուրջ թեթևացում ենք կատարում սահմանամերձ տարածքներում, սակայն տպավորություն թող չառաջանա, որ բոլոր խնդիրները լուծել են այս նախագծով: Կարևոր խնդիրը մնում է չլուծված, օրինակˋ երբ սահմանին լարված իրավիճակում այցելեցինք Ներքին Կարմիրաղբյուր գյուղ այնտեղ չկար ոչ մի տուն, որը գնդակոծությունից վնասված չլիներ: Պետք է օգնենք այդ մարդկանց: Իսկ Այգեպարում երեխաները չեն կարողանում գնալ դպրոց, անհրաժեշտ է պաշտպանիչ պատ: Մենք այս նախագծով անվտանգության խնդիրները չենք լուծում: Թշնամու կողմից մշտապես թիրախի տակ գտնվող գյուղերը պետք է ձեռք բերեն սահմանապահի կարգավիճակ: Իսկապես շատ քիչ է տարբերվում սահմանին կանգնած զինվորի վիճակը գյուղում ապրողից: Պետք է անվտանգության խնդիրները հստակ երաշխավորեն», – ասաց Ռուստամյանը: