Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանը Կարենի հարևանն էր, ում անունով Կարենը ձևակերպել էր իր բնակարանը և այդ քայլին դիմել է բնակարանի յուրացումը պարտակելու նպատակով, Araratnews.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի հետ Կարենն աշխատում էր:
«Կարենն իր ընկերներից մեկի հետ էր ապրում, որն էլ առաջին օրվանից սկսեց բարձրաձայնել ինչ-որ խնդիրների մասին, բայց առաջին օրվանից չէին կարծում, որ այդքան լուրջ է իրավիճակը, կարծում էին՝ կվերադառնա և կպարզաբանվի ամեն ինչ: Հարևանը «ֆեյսբուքում» Կարենի անունից ու Կարենի էջից նույնիսկ գրառում էր կատարել, թե իբր Կարենը Դուբայում աշխատանք է գտել»,- պատմեց Դանիելը:
Հիշեցնենք՝ 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Այսօր առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ՝ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: