տուն Լուրեր Կարեն Վարդանյան. Զոհը (Մհեր Արշակյան, civilnet.am)

Կարեն Վարդանյան. Զոհը (Մհեր Արշակյան, civilnet.am)

152
0

mher-arshakyan-1

Civilnet.am -ում  Կարեն Վարդանյան մարդու տեսակի մասին իր մտորումներն է գրել Մհեր արշակյանը.

Կարեն Վարդանյանին ճանաչում էի, միասին ուսանել ենք Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում, եղել ենք Ստրասբուրգում։ Ամբողջ կյանքն ըստ էության ապրեց գրեթե սեփական ոչինչ չունենալու ասես ճիգ ու ջանքով։ Այնպես չէ, որ տեղյակ էր մյուսների գոյությունից։ Տեղեկանալ, նշանակում է ունենալ չար լինելու պատճառներ։ Տեղեկանալը միշտ բնազդներդ եռման պահելու շրջանակներում է։ Կամ՝ ապահովագրվելու մղումից։ Այսպիսի մարդիկ ուղղակի երջանիկ են։

Կարենը մարդկանց չէր նայում նրանց մեջ դահճին ենթադրելու զգացումներով։ Փոքր ինչ չափազանցնեմ՝ գուցե տեղյակ էլ չէր, որ սպանություններն արվում են մարդկանց ձեռքով։ Թեպետ համաշխարհային պատմություն գիտեր։ Ինքը նույնիսկ լավատես չէր, որովհետև վատի մասին չէր էլ ենթադրում։ Ենթադրելու համար պետք է մի քիչ մարդկանց մեղադրես։ Նա գրող չէր, ոչ էլ նկարիչ, ոչ էլ ճարտարապետ կամ նույնիսկ մոլորյալ քաղաքագետ։ Փող աշխատելու մասին ոչինչ չգիտեր։ Պատրաստի կերպար էր ընդհանրապես թիրախ չլինելու։

Հասարակական կերպար չէր, բայց հարազատ էր շատերին հենց անհավակնոտ աշխուժությամբ։ Նրա համար վատ մարդիկ չկային, կային վատ գաղափարներ։ Այդ տղան երբեք ոչ մեկին ոչնչում չէր մեղադրում, մեղավոր անուններ լսելիս միայն օրորում էր գլուխը։ Որովհետև համաձայնելն անգամ բանավեճ էր նրա համար։ Վատ մարդիկ, մի խոսքով, չկային նրա համար։ Թվում էր, թե համաձայն չէ ապրել մեղադրանքներով։ Ինքն իրեն, սակայն, այնպես չէր փախցրել կամ օղակել գայթակղություններից, որ չլիներ թիրախ, ինքը պարզապես մի կյանքի մեջ էր, որտեղ սպանում են: Ապրելու նրա խաղի կանոնները ոչ մեկի հաշվին չէին։ Որովհետև այս տղան ապրելու հարուստ ծրագրեր ունեցողների ճամփից հեռու էր։ Իսկ դա, այնուամենայնիվ, սպանությունն անհնար չի դարձնում։ Նվազագույնը ունես հարևաններ։ Բոլորովին միայնակ կերպար, մարդկանց մեջ չկար- կյանքի կողմից չնայե՞նք,- նշանակում է՝ երազկոտ էր, իդեալական թիրախ։ Եվ այս տղային սպանեցին։

Մարդասպանն ուրիշ երևույթ է։ Նրա համար նույնպես չկան վատ կամ լավ մարդիկ։ Նրա համար կան յուրացման ենթակա բնակարաններ, պատվերով մահ։ Մարդասպանի համար աչքեր չկան, որոնց մեջ նայում է սպանելիս։ Մարդասպանը մարդը չէ։ Որովհետև սպանվողն է մարդը։ Դե, իհարկե, լինում են «հասարակական պահանջարկ վայելող» սպանություններ, այսպես կոչված, սպանություններ հասարակական պատվերի շրջանակներում, սակայն դրանք իրացվում են «փրկչի» կեղծ առաքելության քարոզով։ Կարենին, արդեն գրեթե փաստ է, սպանել են բնակարանին տիրանալու համար։ Սա խաղաղության սպանություններից է, որովհետև սպանությունը խաղաղության հասկացություն է։ Պատերազմի ժամանակ ծիծաղելի է ունենալ հավակնություններ, որովհետև պարզ չէ՝ հենց նույն օրը քո գոյության մասին չենթադրող թշնամու գնդակը չի՞ հասնի քեզ։

Պատերազմի ժամանակ սեփական ցանկապատի հանդեպ հարևանի ոտնձգությունը թեմա չէ։ Սակայն նույնիսկ պատերազմում հնարավոր է սպանել խաղաղության միջավայրում։ Որովհետև սպանությանը չի կարող չնախորդել երկու աչքերի առերեսումը։ Թեպետ այն գրեթե միշտ իրականացվում է թիկունքից։ Սպանությունը երկու տարբեր միջավայրերի բախումն է մի տարածության մեջ, որտեղ մեկը դեռ ապրում է։ Կարեն Վարդանյանը, բացառված չէ, որ խորը հարգանք է ունեցել առ հարևանը, ենթադրյալ մարդասպանը։ Նրանից սպասելի էր, նա կհարգեր։ Դա նրա նվազագույն զգացումն էր մարդկանց հանդեպ։ Ու դու ինչ-որ տեղ ասես հանգիստ ես, որ էս մեկին գոնե որևէ կերպ խոցելու, վրան ձեռք բարձրացնելու պատճառ չկա։ Դու հանգիստ ես մյուսի հանդեպ, քանի որ քեզ լավ գիտես։ Կարենի նման մարդկանց մասին նախկինում կարդում էինք գրականության գրքերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում