ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո ներկայացրեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որին այսօր կառավարությունը հավանություն տվեց:
Նա նշեց, որ հայեցակարգով առաջին ու կարևոր սկզբունքը «բաց դռների» քաղաքականությունն է: Սա այն քաղաքականությունն է, որն իրականացվում է, բայց փաստաթղթային առումով երբեք չէր ֆիքսվել:
Ըստ նախարարի՝ հայեցակարգով ուշադրություն պետք է դարձնել չորս հիմնական ուղղությունների վրա:
Դրանցից առաջինն առևտրային քաղաքականությունն է, առևտրի ոլորտում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Երկրորդ սկզբունքը մրցակցության ապահովումն է, մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, սահմանափակումներից խուսափելը:
Երրորդ կարևոր բլոկն, ըստ նախարարի, հարկային քաղաքականությունն է:
Չորրորդը, այսպես կոչված, «կանաչ զարգացում» մոտեցումն է: Ըստ Ճշմարիտյանի՝ սա ինքնին խթան է հադիսանում հատկապես ինովացիաների համար:
Կարեն Ճշմարիտյանն ասաց նաև, որ ուզում է ներկայացնել ուղղակի ներդրումների դինամիկան տարածաշրջանում: Ըստ նրա՝ աշխարհում նախորդ տարվանից ներդրումները նվազել են: Հայաստանում այս տարվա առաջին վեց ամիսներին ընդհանուր ներդրումներն աճել են 4.7 մլրդ դրամով: Նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները, բայց դրանք մի տարրն են ներդրումների: Ներդրումների մեջ են մտնում նաև պորտֆելային, ուղղակի ներդրումները, վարկերը, փոխառությունները, ապրանքների ծառայությունների դիմաց վճարվելիք կանխավճարները, սա ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է: Նա նշեց, որ հույս ունեն՝ Որոտանի գործարքի իրականացումից հետո ուղղակի ներդրումների մասով բացը կլրացվի: