ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատապարտում է երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի, Առաքել Մովսիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունցած միջադեպը: «Սա առաջին դեպքը չէ, որ խորհրդարանում նման բաներ են լինում, երեկվա դեպքն էլ իսկապես տհաճ դեպք էր. ինձ թվում է, որ նման բաները վարկաբեկում են մեր ժողովրդին, նմանատիպ մոտեցումները հարիր չեն մեր պատգամավորներին: Մարդիկ պետք է ավելի զուսպ լինեն, մարդիկ պետք է իրենց նյարդային համակարգը հանգիստ պահեն»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ իր մասնակցությամբ նման միջադեպերից չի կարող խոսել, քանի որ իր նյարդային համակարգը բավականին ամուր է: «Նման վարքագծով մարդիկ չեն հարգում շրջապատին: Մարդիկ կարող էին դահլիճից դուրս որոշել իրենց խնդիրները»,- ասաց Շահմուրադյանը:
Անդրադառնալով իր և Միքայել Մինասյանի հետ հարաբերություններին` Շահմուրադյանը նշեց, որ իրենք ընկերներ են և մնում են ընկերներ ու ինքը հույս ունի`կմնան ընկերներ մինչև կյանքի վերջ: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա նրա` քաղաքականության մեջ լինելուն, ՀՅԴ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Քաղաքականության մեջ դա որևէ նշանակություն չունի: Միքայել Մինասյանն այսօր, իհարկե, զբաղեցնում է համապատասխան պաշտոն, բայց դա ընդհանրապես կապ չունի»: Հարցին, թե Մինասյանի գործոնը խորհրդարանում հայտնվելուն չի՞ օգնել արդյոք, Շահմուրադյանը պատասխանեց. «Ոչ, հակառակ դեպքում ես կլինեի ուրիշ կուսակցության մեջ, ոչ թե ՀՅԴ-ում»:
Անցնող քառօրյան ըստ պատգամավորի բավականին հագեցած էր, չնայած, որ ինքը այս ընթացքում ոչ մի հարց չի ուղղել, ոչ էլ ելույթ է ունեցել: Մեր հարցին, թե երբ եք ակտիվանալու, ասաց, թե առաջիկայում կսկսի և հարց տալ, և ելույթներ ունենալ:
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ բիզնես գործունեությամբ չի զբաղվում, և չի ճանաչում գործարար- պատգամավորների: