Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որն էլ առաջիկայում կներկայացնի կառավարության իր կազմը, ապա՝ ծրագիրը: Կարեն Կարապետյանի բիզնեսների եւ ունեցվածքի մի մասի վերաբերյալ մամուլում արդեն հրապարակումներ եղել են: Armtimes.com-ը ներկայացնում է նրա փեսայի՝ աղջկա ամուսնու ունեցվածքը: Հիշեցնենք միայն, որ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Եվ այսպես, Հայկ Հարությունյանը 2014 թվականից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արխվիում առկա է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ապա դրան հաջորդող երկու տարիների նրա ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը:
Հայկ Հարությունյանը նշանակվելու պահին ուներ 1 առանձնատուն, 1 հողամաս, Mercedes-Benz E 350 4 Matic տեսակի մարդատար տրանսպորտային միջոց: Փոխնախարար նշանակվելու ժամանակ նա ունեցել է երեք տարբեր ընկերություններում արժեթղթեր եւ այլ ներդրումներ, որոնք առանձի-առանձին կազմել են 33 հազար, 50 հազար եւ 100 հազար դրամ: Նույն ժամանակ նա 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ փոխառություն է տվել(փոխառությունը կարող է լինել ավանդի տեսքով):
2014 թվականին նա հայտարարգրել է 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, իսկ եկամուտը կազմել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փոխառություններից ստացած տոկոսներից եւ աշխատավարձից: Տարվա ընթացքում նա վաճառել է իր մեքենան 17 միլիոն դրամով եւ գնել է 472 հազար դրամ արժողությամբ մի հողամաս:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը, համաձայն հաջորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի, պետական պաշտոնում նշանակվելուց հետո այլեւս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, գոնե փաստաթղթերով դա այդպես է: Սակայն 2015 թվականին նա 20 միլիոն դրամով գնել է Lexus LX 570 տեսակի ավտոմեքենա, ձեռք է բերել 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ նույն արժեքով օտարել է (հայտարարգրի այս գործարքի մասին տեղեկությունը ոչ ամբողջական է լրացված եւ հնարավոր է անճշտություն լինի այն լրացնողի կողմից), 30 միլիոն դրամ էլ փոխառություն է վերադարձրել: Հայկ Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 47 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 25 միլիոն դրամ եւ 25 հազար դոլար: Կարապետյանի փեսան նախորդ տարի ստացել է մոտ 5 միլիոն դրամի եկամուտ:
Ապագա վարչապետի դուստրը՝ Մանե Հարությունյանն էլ 2015 թվականին հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար: Նույն տարում նա 20 միլիոն դրամ նվեր է ստացել, թե ումից՝ հայտարարգրում չի նշվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: