Եվրասիական տնտեսական միությունը թույլ է տվել Հայաստանին զգալիորեն ընդլայնել տնտեսության համար հնարավորությունները: Այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանը:
Ռուսական լրատվակայքին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը մտադիր է ստեղծել բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար:
«Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին», — ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին ռուս ձեռներեցների համար դառնալ մեկնարկային հարթակ՝ նոր շուկաներ մուտք գործելու համար:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա տրամաբանությունը մեզ համար շատ հստակ է և պրագմատիկ: Եվրասիական ինտեգրման նախագիծն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները`ստեղծելով խոշոր, գրեթե 180 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: Այժմ երկիրն ինտենսիվորեն ուսումնասիրում է Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության նոր հնարավորություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ:
«Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները՝ մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավոր չեն լինի յուրաքանչյուր խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ և կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսել հավաստագրի համար», — ասել է կառավարության ղեկավարը: