տուն Լուրեր Կարեն Կարապետյանի երեք հանձնարարականները

Կարեն Կարապետյանի երեք հանձնարարականները

119
0

karen-karapetyan-1-1

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական  հանձնարարականները տվեց իր կաբինետի անդամներին:

Հանձնարարականներից մեկը վերաբերում  էր տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Վահան Մարտիրոսյանին:  «Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրները: Ելնելով դրանից` հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և տարածքային կառավարման և  զարգացման նախարարությանը` մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով, մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձավ նաեւ  լիցենզավորման խնդրին: «Լիցենզավորման մասին» գործող օրենսդրության համաձայն` կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակները իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին` ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ` պարզ է հանձնարարականի էությունը»,- նշեց նա:

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաեւ  ընդերքի հետ կապված խնդրին եւ հանձնարարեց  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն: «Մասնավորապես, տրված թույլտվությունները ըստ հանքավայրի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրան համապատասխան մոտեցումները: Հանձնարարականի իմաստը, կարծում եմ` պարզ է»,- նշեց Կարեն Կարապետյանը: