տուն Լուրեր Կարեն Կարապետյանը պաշտպանեց մենաշնորհը. Լևոն Զուրաբյան

Կարեն Կարապետյանը պաշտպանեց մենաշնորհը. Լևոն Զուրաբյան

93
0

karavarutyun

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վաղ է համարում գնահատականներ տալ նորանշակ վարչապետին եւ նրա գործունեությանը, կարծում է, որ պետք է սպասել առնվազն 100 օր: Այդուհանդերձ, Զուրաբյանը թերահավատ է, որ  նորանշանակ վարչապետը կարող է համակարգային փոփոխություններ իրականացնել:

«Ով էլ գա վարչապետ` այս կոռումպացված միջավայրի մեջ, որտեղ պառլամենտի մեծամասնությունը կեղծված ընտրություններով ընտրված օլիգարխների մի համակեցություն է, ռեժիմն էլ հիմնված է մենաշնորհների, ապօրինի արտոնությունների վրա, ի՞նչ պետք է անի որևէ վարչապետ»,- հայտարարեց Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով` «եթե Կարեն Կարապետյանը փորձի ապամոնտաժել համակարգը, ինչպես Հայ ազգային կոնգրեսն է առաջարկում, կնշանակի` վերջ ռեժիմին»:  Զուրաբյանը, սակայն, դա հնարավոր չի համարում:

ՀԱԿ պատգամավորը նաեւ «խոր  հակասություններ»  է տեսնում Կարեն Կարապետյանի` մենաշնորհների մասին արված հայտարարության մեջ:

Կարապետյանը, հիշեցնենք, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր` «եթե մենաշնորհը ձևավորվում է մրցունակ դաշտում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, ապա այն այնքան էլ վատ բան չէ»:

«Մենք կարծում ենք` անգամ մրցունակ միջավայրում ձևավորված մենաշնորհը չարիք է: Այն, ինչ ասաց Կարապետյանը, մենաշնորհի պաշտպանություն էր: Այստեղ գուցե խոսեց իր անցյալը կամ ներկան` կապված «Գազպրոմի» հետ»,- վարչապետին հակադարձեց Լևոն Զուրաբյանը:

Շողիկ Գալստյան