տուն Լուրեր Կարեն Ավագյանի եղբոր կատարած վրաերթի առթիվ հարուցվել է քրգործ

Կարեն Ավագյանի եղբոր կատարած վրաերթի առթիվ հարուցվել է քրգործ

84
0

67274

Երևան քաղաքի դատախազի որոշմամբ բավարարվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր վրաերթից տուժածի դիմումը և քրգործի հարուցումը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը վերացվել է:  Այս մասին armtimes.com-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերից: Ըստ այդմ՝ քրեական գործ է հարուցվել դիմողի բողոքի և մամուլի հրապարակումների հիման վրա, որն էլ ուղարկել է քննչական կոմիտե՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննության: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին վրաերթի ենթարկված 28-ամյա Էդգար Սնխչյանին վրաերթի էին ենթարկել ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և տուժողը կասկածներ ունի, որ վարերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել: Քրգործի հարուցումը մերժվել էր, քանի որ վրաերթի ենթարկվածը չէր բողոքել:

Օրեր անց վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը մամուլում ասել է, որ Ավագյաններն իրեն խաբել են, նախապես խոստանալով չբողոքելու դեպքում հոգալ բուժման ծախսերը, սակայն երբ ոստիկանություն բողոք ներկայացնելու ժամկետն անցել է ու քրգործ չի հարուցվել, այժմ չեն ցանկանում հոգալ իր բուժման ծախսերը։ Մինչդեռ վրաերթի օրերին Կարեն Ավագյանը լրատվամիջոցներին հայտարարում էր, թե դա իրենց ընտանիքի դժբախտությունն է:

Էդգար Սնխչյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, իր առողջության ու իրավունքների վերականգնման համար պայքարելու է մինչև վերջ: «Ակնկալում եմ որ ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդը ու նրա եղբայրը կհասկանան, որ երիտասարդին իմ վիճակում թողնելը ճիշտ քայլ չէ, և կգան ու կօգնեն իմ առողջությունը վերականգնել: Իմ միակ ակնկալիքը դա է: Ես անձնավորված որևէ բան իրենց նկատմամբ չունեմ, ոնց որ իրանք են ասում՝ ուղղորդվածություն և այլն, ես չունեմ իրանց դեմ: Ես մենակ ակնկալում եմ իմ առողջության վերականգնումը հավուր պատշաճի»,-ասաց տուժողը: Նրա խոսքերով՝ Կարեն Ավագյանն ու եղբայրը մամուլի հրապարակումներից հետո էլ չեն փորձել իր հետ կապ հաստատել, հանդիպել իրեն՝ բժշկական ծախսերը հոգալու հետ կապված: Սնխչյանի խոսքերով՝ վրաերթի արդյունքում, որն իրեն շպրտել է մոտ 35 մետր, լրջորեն վնասվել է նրա ողաշարը, կրծքավանդակը ու աչքը: «Աչքս շլացել է, բարդ վիրահատություն  պետք, մնացածն էլ դեռ պետք է ճշտվի: Իսկ ողնաշարիս ու կողերիս ինձ անհրաժեշտ վիրահատությունը Հայաստանում չեն անում, դրսում են անում»,-ասաց Սնխչյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, պնդելով, թե առայժմ չի ուզում խոսել, կսպասի մի քանի օր և հույս ունի, որ «Սնխչյանը հետ կկանգնի այս ամոթալի ճանապարհից»։