Մայիսի 27-ին, ժամը 22-ն անց 50-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչներ, 1959 թվականին ծնված Վ․Խ․-ն և 1976 թվականին ծնված Ա․ Հ․-ն։
Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում Կարբի գյուղի բնակիչներ 1985 թվականին ծնված Ա․ Բ․-ն և 1984 թվականին ծնված Հ․ Գ․-ն՝ հրազենային վնասվածքով, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նույն գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Ա․Պ․-ն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ անմիջապես ճշտվեց, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։ Կան կասկածյալներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։