Այսօր Սարդարապատ հուշահամալիրում Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարություններին մասնակցում էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ կառավարությունում պաշտոնանկություններ հնարավոր են, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները։
«Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացմանը և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ»,– ասաց նա։
Դիտարկմանը, թե հասարակությունն արդեն չի հավատում կառավարության խոստումներին, վարչապետն ասաց, որ կառավարությունն իր գործը պետք է անի այնպես, որ հասարակությունը հավատա։
Հարցին՝ եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները, արդյոք պաշտոնանկություններ կլինե՞ն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե չեն կարողանում իրականացնել, ապա ես համաձայն եմ ձեր գնահատականներին»։
Մանրամասները՝ տեսանյութով