ՀՀ Կառավարության նիստի ընթացքում զեկուցվող հարցերից էր ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի և Հրանտ Մադաթյանի ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջարկը:
Զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր, ով ընդգծեց, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում օրենքում արդեն իսկ առկա է: Մասնավորապես, արհեստակցական կազմակերպության մասնակիցներ կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:
Նախարարը նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագիծը թողնել նույնը, քանի որ առաջարկվող նախագծի փոփոխությունների արդյունքում կարող են առաջանալ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց շահերի բախում։
«Տնտեսության տարբեր ճյուղերի տարբեր մասնագիտություն ունեցող աշխատողների նման միությունը կարող է հանգեցնել շահերի բախման։ Կառավարությունը գտնում է, որ օրենքի գործող դրույթն ավելի արդյունավետ կարգավորում է սահմանում, քան առաջարկվող տարբերակը»,- ասաց նախարարը։
Կառավարությունը մերժեց պատգամավորների առաջարկը։