տուն Լուրեր Կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տալ ներդրողներին

Կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տալ ներդրողներին

123
0

Karavarutyun

Կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տալ ներդրողներին, որ իրենց ստեղծած ընկերություններն այստեղ հարմարավետ եւ ապահով զգան։ Այսպիսի հստակ ուղերձ հնչեցրեց վարչապետը՝ ուղղված Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին.

«Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի։ Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնությանը»։

Թե որքանով պատրաստ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցներն արձագանքելու վարչապետի այս հայտարարությանը, ցույց կտա ժամանակը։ Մի բան սակայն հստակ է, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումների լուրջ կարիք ունի։ Վերջին տարիներին որքան էլ միջազգային կազմակերպությունները Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավում են արձանագրում, այնուհանդերձ դա ներդրողներին այնքան էլ չի գրավում։ Պատահական չէ, որ օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստանի տնտեսության մեջ մեծ չէ։ Ավելին, համաշխարհային ճգնաժամից հետո ներդրումների ծավալները ոչ մի կերպ չեն վերականգնվում։ Եթե 2009թ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները գերազանցեցին 840 մլն դոլարը, ապա անցած տարի կազմեցին 656 միլիոն։ Մինչդեռ, դրանց նշանակությունը չափազան մեծ է, հատկապես որ Հայաստանում էժան փողերն այնքան էլ շատ չեն։ Չնայած երբեմն-երբեմն կառավարությունը փորձում է արտերկրից ներգրավված վարկային միջոցներն ուղղել տնտեսության իրական հատված, այնուհանդերձ դրանք ոչ միշտ են ձեռնտու լինում տնտեսավարողներին։ Անցնելով բանկային համկարգով՝ փողը էապես թանկանում է, ինչն էլ նվազեցնում է դրա արդյունավետությունը։ Այսօր Հայաստանում դրամային բիզնես վարկերի տոկոսադրույթները հասնում են ընդհուպ մինչեւ 20 տոկոսի։ Ճիշտ է, համեմատաբար էժան են տարադրամային վարկերը, բայց մեծ է դրանց ռիսկայնությունը։ Այս պայմաններում ներդրումների, առավել եւս ուղղակի ներդրումների անհրաժեշտությունն անփոխարինելի է տնտեսության համար։ Բայց դրանց ծավալները ոչ միայն մեծ չեն, այլեւ գնալով սեղմվում են։ Այնինչ, եթե կառավարությունը մտադիր է իրականացնել ագրեսիվ տնտեսական քաղաքականություն, ապա ուզած, թե չուզած հարկադրված է լինելու խրախուսել օտարերկրյա կապիտալի մուտքը։ Իսկ դրա համար միայն ներդրումային դաշտի լավ լինելը բավարար չէ։ Անհրաժեշտ են հստակ երաշխիքներ։ Հատկապես որ, նախկինի փորձը ոչ միշտ է նպաստավոր այդ առումով։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ