«Եթե ՓՄՁ ներկայացուցիչներին ձեռնտու լիներ կառավարության այդ որոշումը, ապա ներկա պահին նրանք ցույց չէին կազմակերպի»,- Araratnews-ի թղթակցի հետ ՓՄՁ ներկայացուցիչների խնդիրների մասին խոսեց Մակրոտնտեսական վերլուծությունների և ֆինանսական շուկաների բաժնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու Վիլեն Խաչատրյանը: «Առաջ տնտեսվարողները իրենց կատարած առևտրի 3,5 տոկոսն էին հարկ վճարում ու չունեին փաստաթղթային ոչ մի պարտավորվածություն: Հիմա արդեն, իրենց բոլոր ապրանքները պետք է հաշվառեն ու փաստաթղթով ներկայացնեն կառավարությանը և ամեն մի ապրանքի վաճառքի մեկ տոկոսը վճարեն հարկ»:
ՓՄՁ-ի ներկայացուցիչները նախընտրում են 3,5 տոկոս հարկ վճարել, քան փաստաթղթավորել իրենց ապրանքները, նշեց Վիլեն Խաչատրյանը: «Իբրև թե ավելի ձեռնտու կառավարության կողմից առաջարկվող տարբերակից հրաժարվում են միայն մի պատճառով՝ նրանք շատ ապրանքներ ունեն, որոնք ձեռք են բերել առանց փաստաթղթի: Կամ որքան մանր-մունր և մի քանի տարիների մնացած ապրանքներ ունեն, որոնք կառավարությունը պահանջում է հաշվառել ու դրանց գոյություն չունեցող փաստաթղթերը ներկայացնել: Կառավարությունը իր տված արտոնությունը իրականում օգտագործում է հենց ՓՄՁ-ների դեմ: Կառավարությունը պահանջում է ապրանքների փաստաթղթավորում, սակայն, լավ է գիտակցում, որ փաստաթղթով ոչ մի ապրանք չի ձեռքբերվում: Իսկ երբ ապրանքը ներմուծողից փաստաթուղթ է պահանջում, այլևս այդ ապրանքը չի ստանում: Դրա համար նրանք նախընտրում են մեծ ներմուծողների հետ ոչ մի խնդիր չունենա, և իր հարկերը մուծի ավել, քան ապրանք չունենա ու հարկ էլ քիչ վճարի, իր օգուտը հանի ու փաստաթղթի հետ էլ գործ չունենա»:
«Վարչապետի նպատակ դարձած ստվերի հանելու խնդիր կա իհարկե, բայց դա այն ստվերը չի»,- նկատեց Վիլեն Խաչատրյանը: «Մարդիկ հիմա հացի խնդիր ունեն: Ես դրա համար ուրիշ ցուցանիշ հայտնեմ, ասեք ինձ մի փոքր կամ գերփոքր բիզնեսի մասին, որը վերածվել է միջինի: Չկա նման դեպք: Փոքր և գերփոքր բիզնեսները հիմնականում պահում են իրենց գոյությունը: Մեծ բիզնեսով զբաղվողնրի համար կառավարությունը ևս արտոնություն է տալիս՝ նրանք հիմա շրջանառության հարկ են վճարելու ընդամենը 2 տոկոս: Փաստորեն մեր կառավարությունը խոշոր բիզնեսին առաջ է տանում, փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին էլ՝ նեղում է: Կառավարության այս քաղաքականությունը բացահայտ է»: