տուն Լուրեր Կառավարությունը մերժեց «Ելքին»

Կառավարությունը մերժեց «Ելքին»

102
0

15977833_1373120866072442_3946824784678536401_n-1-600x395

Այսօր ՀՀ Կառավարությունն իր նիստում  մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, թե պատգամավորներն  առաջարկում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել  փոփոխություն, որը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից  կալանավորված անձի հետ տեսակցությունները սահմանափակելուն:
Դավիթ Հարությունյանն ասաց, թե  պատգամավորներն առաջարկում են նշել, որ այդ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հիմնարկ. «Առաջին հայացքից թվացյալ պարզ հարցը իրականում շատ ավելի խոր իմաստ ունի: Բանն այն է, որ այսօր օրենսդրությունը երկու տարբեր հասկացություն է տարանջատում՝ անարգել մուտք ու ելքն ու տեսակցությունը. անարգել ելք ու մուտքի հետ կապված բազում պաշտոնատար անձինք այդ իրավունքն ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլք: Բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ՝ կա ստանդարտ ռեժիմ տեսակցություն ցանկանալու և կա ռեժիմ, որ անկախ նրանից` քննիչը արգելանք դրել է, թե ոչ, անձն իրավունք ունի տեսակցելու: Հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դրանց և մյուս պաշտոնատար անձանց համար քննիչի արգելանքը չգործի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի, քանի որ շատ մեծ թվով անձինք ստանում են հնարավորություն կալանավորված անձանց հետ տեսակցելու»,- ասաց նա:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ այդ իրավունքից այսօր օգտվում են Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրը, և եթե կալանավորված անձը դատավոր է, նաև` Վճռաբեկ դատարանի նախագահը: «Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա»,- ասաց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե ընդհանրապես նման պրակտիկա որևէ երկրում կա՞։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ, և Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրն ունեն այդ կապը: «Կան երկրներ, որտեղ կա նման պրակտիկա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գտնենք մի երկիր, որ նման պրակտիկա կա, և անպայման բերենք Հայաստան»,-ավելացրեց նախարարը:

Կառավարությունն այսպիսով մերժեց նախագիծը: