ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Նախարարի խոսքով` օրենսգրքի հենքը նոր Սահմանադրությունն է, որի ընդունումից հետո սահմանվեցին ժամկետներ, որոնց ընթացքում պետք է մշակվեին օրենքի նախագծեր: Նշեց, որ շատ լարված են աշխատել այս օրերին, և այսօրվա հաստատումից հետո կլինեն ակտիվ քննարկումներ:
Հիմնական քննարկումները տեղի կունենան Ազգային ժողովում, որտեղ ողջ քաղաքական ներկապնակն է ներկայացված: «Հիմնական սկզբունքները բխում են Սահմանադրությունից. կա երկու կարևոր նորամուծություն. Գյումրի և Վանաձոր քաղաքներում ևս կգործի Երևանի մոդելը, փուլ առ փուլ պետք է գնանք ՏԻՄ-երում քաղաքական ուժերի ներկայացվածության բարձրացման», – ընդգծեց Հարությունյանը:
Անդրադառնալով ԱԺ-ի ձևավորմանը` նա նշեց, որ ընտրությունները կլինեն միայն համամասնական ընտրակարգով, և հենց դա է նորությունը:
«ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից: Այդ անդամները պետք է ընտրվեն ձայների 3/5-ով, այսինքն` զուտ մեծամասնությունը բավարար չէ: ԿԸՀ անդամը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել կազմում, սա նույնպես կարևոր դրույթ է»,- հավելեց նա ու նշեց, որ ընտրատարածքները 13-ն են լինելու, որտեղ կուսակցությունները ներկայացնելու են այդ տարաքին բնորոշ ցուցակ և պարզ կլինի, թե որ պատգամավորները կհայտնվեն խորհրդարանում: «Պատգամավորների 50 տոկոսը կընտրվեն տարածքներից, իսկ մյուս 50 տոկոսը՝ համամասնական ցուցակով», – հայտնեց Հարությունյանը:
Եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը 50+1 ձայներ է ստանում, ապա ընտրություններն ավարտված են համարում: Իսկ եթե չի հաջողվել ձևավորվել, ապա կարող են կոալիցիա կազմել և ապահովել այդ թիվը: Եթե դա էլ չի լինում, Հարությունյանի խոսքով, կլինի երկրորդ փուլ, որի նպատակը կայուն մեծամասնություն ապահովելն է: Մեկ այլ նորամուծությամբ, Հարությունյանի խոսքով, խորհրդարանում չորս անդամ տրամադրվելու են ազգային փոքրամասնություններին: