տուն Լուրեր Կառավարությունը հաստատեց Մարուքյանի նախագիծը. հնարավոր է` ընտրակեղծարարներն ազատազրկվեն

Կառավարությունը հաստատեց Մարուքյանի նախագիծը. հնարավոր է` ընտրակեղծարարներն ազատազրկվեն

130
0

edmon

ՀՀ կառավարությունն այսօր քննարկումների արդյունքում համաձայնություն տվեց մի օրենսդրական նախաձեռնության, որով օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում  է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս նախաձեռնությամբ առաջարկում է տուգանքը, որպես այլընտրանքային պատժատեսակ, դուրս բերել սանկցիայից եւ այդ հանցագործության համար նախատեսել միայն ազատազրկում:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, հարցն ունի երկու ենթատեքստ՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական. «Իրավական առումով Քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանության հետ որոշակի խնդիրներ կլինեն, միջազգային փորձը եւս ցույց է տալիս, որ նմանատիպ հանցակազմերի վերաբերյալ միշտ տուգանք կա` որպես այլընտրանքային պատժատեսակ»:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական տարի է եւ հարցի հետ կապված կլինեն քաղաքական հարցադրումներ՝ նախարարն առաջարկեց տեղում կարծիքներ հայտնել նախագծի վերաբերյալ եւ քննարկման միջոցով որոշում կայացնել:

«Կարևոր հարց է քննարկվում, ինչ հարցեր կան»,- գործադիրի անդամններին դիմեց  վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկեց  խստացնել պատիժը, սակայն կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց` ընգծելով, որ լավ կլինի այդ հարցը  վստահել դատարանին:

«Շատ արհեստական եւ կոշտ է, սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկման»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, ուստի ճիշտ կլինի համաձայնություն տալ, իսկ ԱԺ-ն թող որոշի»,- հնչած տեսակետները լսելուց հետո ասաց Գործադիրի ղեկավարը` ընդգծելով, որ տարբեր երկրներում կան եւ տուգանք, եւ ազատազրկում: