տուն Լուրեր Կառավարությունը դեմ է մարտի 1-ը բողոքի օր նշանակելու նախաձեռնությանը

Կառավարությունը դեմ է մարտի 1-ը բողոքի օր նշանակելու նախաձեռնությանը

127
0

marti-1

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ը որպես 2008 թվականի նույն օրվա զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշելու մասին նախագծին:  Նախագիծը գործադիրին էին ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը հարկ է համարում նկատի ունենալ օրենքի դրույթները, որոնց համաձայն նշվում են տոները և հիշատակի օրերը, ընդ որում, որպես հիշատակի օրեր նշվում են՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բռնադատվածների հիշատակի օրը, երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: Մինչդեռ, ըստ նրա, նախագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին:

«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, փաստորեն, չեն կատարվում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Կառավարության եզրակացության մեջ էլ նշված է. «Նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել»: