Խորհրդարանում քննարկվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել ոչ միայն բյուջեի կատարողականի ցուցանիշները, այլեւ հնչեցնել որակական գնահատականներ:
«Ձեր գիտելիքների խորության վրա չեմ կասկածում, սակայն սա քաղաքական ամբիոն է եւ բյուջեի կատորողականի ցուցանիշները ներկայացնելու հետ միասին պետք է որակական գնահատականներ տաք, թե այդ ցուցանիշներն այս կամ այն կերպ կատարելու արդյունքում ինչ արդյունք ենք ստացել»,- հիմնական զեկուցողին դիմեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Պատգամավորը տարակուսանք հայտնեց 2009թ-ից հետո ներկրաման ծավալներ կրճատման հետ կապված:
«2009թ-ից հետո, որն ամենաճգնաժամային տարին է եղել, տեղի է ունեցել անկանխատեսելի մի երևույթ՝ 26.5 տոկոսով ներկրման ծավալները կրճատվել են, սա անկանխատեսելի մի երևույթ է,- նշեց նա՝ հավելելով, որ էապես իջել է հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը:-Արդյունքում անցյալ տարի 80 միլիարդ դրամի չափով քիչ հարկեր են հավաքագրվել, որը մասամբ փոխհատուցեցինք Եվրասիական տնտեսական բանկի կայունացման ֆոնդից՝ տարեկան 100 մլն դոլարի համապատասխան ներարկումով»:
«Երբ 2015թ. ձեր կանխատեսումներն եմ նայում՝ ռիսկերի գնահատման մասով, ընդամենը տված է 17.9 մլրդ դրամի ռիսկ թերհավաքագրման, որից նշել եք՝ 10 տոկոս ներկրման կրճատման դեպքում, իսկ մյուսն էլ՝ 3 տոկոսով ՀՆԱ-ի կրճատումն է, բայց 3 տոկոս չի, տեսեք՝ 4.1 տոկոսը որտեղ, 3-ը՝ որտեղ»,- ասաց Մելքումյանը՝ հորդորելով ներկայացնել մինչև տարեվերջ կառավարության կանխատեսումները:
«Այո´, դուք իրավացի եք, մենք ունեցել ենք որոշակի թերակատարում պետական բյուջեի եկամուտների մասում: Թեպետ, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն իրական աճին է վերաբերում, այլեւ անվանական մեծությամբ փոփոխության ՀՆԱ-ին, որը, ըստ էության, գեներացնում է այդ եկամուտները, եւ մենք այդ տեսակետից ունեցել ենք 4.2 տոկոս աճ»,- պատասխանելով պատգամավորի դիտարկումներին՝ ասաց ՀՀ գլխավոր գանձապետը:
«Մի քանի ամսվա կտրվածքով կառավարությունը 4-4.5 անգամ սխալ է կանխատեսել, որ ներկրման ծավալները կկրճատվեն, այդպիսի բան մեկ էլ եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, երբ 7.2 տոկոս աճ էր նախատեսվում, բայց պարզվեց՝ -14.1 տոկոս է եղել, այսինքն՝ կառավարությունը 6-7 ամսվա կտրվածքով չի կարողանում կանխատեսել արտաքին ռիսկերն ու ներքին մարտահրավերները»,-արձագանքեց Միքայել Մելքումյանը: