տուն Լուրեր Կառավարությանը ժամանակ է պետք մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելու համար

Կառավարությանը ժամանակ է պետք մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելու համար

82
0
Davit-HarutyunyanՀայաստանի կառավարությունը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին պատշաճ պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել:Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը ձգձգում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելու գործընթացը:

«Երկարաձգելու խնդիր մենք չենք ունեցել: Երբ Եվրադատարանի կողմից հարց է լինում, պահանջվում է լուրջ աշխատանք այդ հարցերին պատասխանելու համար: Այդ գործընթացում ներգրավված են լինում տարբեր գերատեսչություններ, ուստի մեզ ժամանակ է հարկավոր այդ հարցերին պատշաճ պատասխանելու համար»,- նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նկատեց նաև, որ պատգամավորը նույն հարցը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ մի քանի անգամ բարձրացրել է, սակայն բոլոր դեպքերում էլ դահլիճում չի եղել ՀՀ արտաքին գործերի նախարարը, ով պատասխանատու է այդ հարցի համար:

«Ես այստեղ որևէ միտում չեմ ուզում տեսնել, բայց զարմանալի զուգադիպություն կա: Ինձ համար դժվար է հակափաստարկներ բերել, երբ պատասխանատու նախարարը կրկին դահլիճում չէ, իսկ ես թույլ հակափաստարկներ չեմ ցանկանում բերել: Այս դեպքում հարցադրումն ինձ համար ավելի շատ հռետորական է»,- եզրափակեց Հարությունյանը: