ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց վարչական իրավախախտումների բողոքարկման որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
Ըստ Կարապետյանի՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծ մասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածությամբ, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով: Միաժամանակ, վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարաններում 2017 թ. նոյեմբեր ամսին քննության փուլում է գտնվում շուրջ 9200 գործ:
Այս տարվա նոյեմբերին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվել է 2018 թվականի հունվար ամսին: Իսկ Վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատավարությունը նշանակվում է 2019 թվականին: Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից:
Ելնելով վերանշյալից՝ վարչապետը արդարադատության, տրանսպորտի, կապի և ՏՏ, գյուղատնտեսության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկումների որակի պատճաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: «Պարոն Հարությունյան, երեք ամիս, շա՞տ ա: Չե՞նք կարող ավելի կարճ անել»,- արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին դիմեց վարչապետը: «Կարող ենք, պարոն վարչապետ, երկու ամիս»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը: